ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր ավտովթար Երևան–Սևան ճանապարհին․ մեքենան կողաշրջվել է, վիրավորների թվում երեխաներ կան
Ավելի վաղ Auroranews.am-ը ռադիոլսողներից տեսանյութ էր ստացել, որում երևում էր Երևան–Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com լրատվական կայքը, այսօր՝ նոյեմբերի 14-ին, ժամը 14։50-ի սահմաններում, Կոտայքի մարզում՝ Երևան–Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում, բախվել են «Nissan Tiida»-ն և «BMW X5» մակնիշների ավտոմեքենաները։
Բախման հետևանքով «BMW X5»-ը հարվածել է ճանապարհի երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջվել։ Վթարի հետևանքով տուժել է երեք մարդ, որոնցից երկուսն անչափահաս են։ Բոլոր երեք տուժածները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոններ։
Դեպքի վայրում աշխատել են նաև փրկարարները և քննչական խումբը։ Պարեկները սահմանազատել են տարածքը՝ ապահովելով երթևեկության անվտանգությունն ու քննչական գործողությունների իրականացումը։ Վթարի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և տուժածների ինքնությունները, ինչպես նաև վթարի հանգամանքները։


