Թրամփը հայտարարել է՝ Իրանի հետ պատերազմը ավարտված է
Իրանի հետ հակամարտության համար ԱՄՆ-ի ռազմական ծախսերը մոտենում են 50 միլիարդ դոլարի, թեև մարտական գործողությունների ինտենսիվությունը նկատելիորեն նվազել է։ Միևնույն ժամանակ Վաշինգտոնը շարունակում է իր զինվորականներին պահել Մերձավոր Արևելքում և պահպանել Իրանի ծովային շրջափակումը։ Այս մասին գրում է ամերիկյան The Hill պարբերականը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը «փաստացի ռազմական պարտություն է կրել», իսկ Միացյալ Նահանգները հաղթանակ է տարել։ Սակայն, ինչպես նշում է պարբերականը, նախագահի հայտարարությունները չեն նշանակում, որ ռազմական գործողությունն ավարտվել է։ Ամերիկյան ուժերը շարունակում են մնալ տարածաշրջանում, իսկ ռազմական ենթակառուցվածքների պահպանումն ու գործողությունների իրականացումը զգալի ֆինանսական ծախսեր են պահանջում։
ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային վարչության տվյալներով՝ մարտական գործողությունների ընդհանուր արժեքը հասել է 47,1 միլիարդ դոլարի։ Այդ գումարից շուրջ 38 միլիարդ դոլարը ծախսվել է պատերազմի սկզբից՝ փետրվարի 28-ից մինչև օգոստոսի սկիզբն ընկած ժամանակահատվածում։ Այսպիսով, հաջորդ երեք ամիսների ընթացքում ծախսվել է ևս մոտ 9 միլիարդ դոլար՝ չնայած բախումների ինտենսիվության հարաբերական նվազմանը։
Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի Մերձավոր Արևելքի ծրագրի տնօրեն Մոնա Յակուբյանը կարծում է, որ նոր սրացման դեպքում ծախսերը կարող են զգալիորեն աճել։
Պարբերականի տվյալներով՝ նոյեմբերի սկզբին ԱՄՆ-ն Արաբական ծովում տեղակայել էր երկու ավիակիր, 11 էսկադրային ականակիր։ Եվս երկու էսկադրային ականակիր գտնվում էին Կարմիր ծովում։ Բացի այդ, երեք էսկադրային ականակիր գործում էին Միջերկրական ծովում՝ ԱՄՆ վեցերորդ նավատորմի կազմում։
Լրացուցիչ ֆինանսական բեռ են ստեղծում նաև ամերիկյան ռազմական օբյեկտներին Իրանի հասցրած հարվածների հետևանքները։ Պարբերականը, հղում անելով հրապարակման մեջ ներկայացված գնահատականներին, հայտնում է, որ վնասված կամ ոչնչացված ենթակառուցվածքների վերանորոգման և փոխարինման ծախսերը կարող են գերազանցել 65 միլիարդ դոլարը։ Ինչպես նշվում է, այդ գումարը ներառված չէ մարտական գործողությունների արժեքի գնահատման մեջ։
Բացի այդ, Թրամփի վարչակազմը պահանջում է մինչև 70 միլիարդ դոլարի լրացուցիչ ռազմական ֆինանսավորում՝ հակամարտության ծախսերը հոգալու, սպառազինություն ձեռք բերելու և անձնակազմի թվաքանակն ավելացնելու համար։ Ինքը՝ Թրամփը, ավելի վաղ հայտարարել էր, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի դաշնակիցները պետք է փոխհատուցեն Վաշինգտոնի՝ պատերազմի համար կատարած ծախսերը։


