ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
ԱՄՆ-ում Դաշնային ավիացիոն վարչության (FAA) կողմից բոլոր օդանավակայաններից թռիչքները մի քանի ժամով դադարեցնելու պատճառ դարձած կապի համակարգի խափանումը տեղի է ունեցել ծրագրային թարմացումների տեղադրման ընթացքում առաջացած գերբեռնվածության հետևանքով։ Այս մասին շաբաթ՝ նոյեմբերի 14-ին, Սպիտակ տանը տրանսպորտի նախարար Շոն Դաֆիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Մարկուեյն Մալինը․ գրում է dw.com-ը։ «Ըստ ամենայնի, իրավիճակն այսպիսին է․ երբ նախարար Դաֆին և FAA-ն սկսեցին շտկումներ կատարել համակարգում՝ ներդնելով նոր սարքավորումներ և տեխնոլոգիաներ, այդ նոր սարքավորումներն ու տեխնոլոգիաները պարզապես գերբեռնեցին հնացած համակարգը»,- ասել է Մալինը։ Տրանսպորտի նախարարի խոսքով՝ ամբողջ երկրում թռիչքների արգելքը պայմանավորված է եղել նրանով, որ օդային երթևեկության կառավարման համակարգը դեռ աշխատում է տասնամյակների վաղեմության անալոգային սարքավորումներով։ «Այն պարզապես չի համապատասխանում 21-րդ դարի պահանջներին»,- գրել է Դաֆին X սոցիալական ցանցի իր էջում։ Նախարարը պարզաբանել է, որ ամերիկյան ավիացիոն համակարգում օգտագործվող երթուղիչները գերբեռնվել են տվյալներով, ինչի հետևանքով դրանցից ստացվող տեղեկատվությունը դարձել է հակասական։ «Դրա պատճառով մենք անջատեցինք համակարգը»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նա։ Դաֆին Կոնգրեսից պահանջել է լրացուցիչ 50 միլիարդ դոլարի ֆինանսավորում՝ իրավիճակը շտկելու համար։ Մալինը նույնպես համաձայնել է այդ գնահատականի հետ։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) նոյեմբերի 13-ին՝ ուրբաթ օրը, երկրի բոլոր օդանավակայաններից օդանավերի թռիչքների համազգային արգելք էր սահմանել՝ պատճառաբանելով «արտակարգ հանգամանքներն ու անվտանգության նկատառումները»։ Ավելի քան չորս ժամ անց սահմանափակումները վերացվել էին, սակայն խափանումը շարունակել էր ազդել երկրի օդանավակայանների և ավիաընկերությունների աշխատանքի վրա։ Նշվում է, որ սա սեպտեմբերի 11-ի՝ 2001 թվականի ահաբեկչություններից հետո նման երկրորդ դեպքն է։


