Սպիտակ տան մերձակայքում հրաձգություն է տեղի ունեցել
Վաշինգտոնի Լոգան Սըրքլ թաղամասում՝ Սպիտակ տնից մոտ 1,6 կմ հեռավորության վրա, նոյեմբերի 12-ի վաղ առավոտյան հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով հինգ մարդ վիրավորվել է։ Այս մասին, հղում անելով ոստիկանությանը, հայտնում է Associated Press-ը։
Իրավապահները շրջափակել են դեպքի վայրի հարակից տարածքը և սահմանափակել երթևեկությունը։ Անվտանգության նկատառումներով մոտակա դպրոցներում մեկուսացման ռեժիմ է սահմանվել։
Ոստիկանությանը միացել են նաև դաշնային գործակալները։ Կրակողին դեռևս չի հաջողվել ձերբակալել, որոնողական աշխատանքները շարունակվում են։


