Ավանդների փոխհատուցում․ 2027-ից կընդգրկվեն ևս 2 տարիքային խմբեր
ՀՀ կառավարությունն առաջարկում է 2027 թվականի հունվարի 1-ից ընդլայնել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը։ Մասնավորապես, փոխհատուցում կկարողանան ստանալ նաև մինչև 1946 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք։Iravaban.net–ն ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրյաին քննարկման ներկայացված՝ ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 460-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու նախագիծը։Ո՞վքեր կարող են ստանալ ավանդների փոխհատուցումըՆախագծի համաձայն՝ 2027 թվականին կշարունակվի նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը։
Փոխհատուցման իրավունք կունենան՝
մինչև 1946 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիները,
Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները,
2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ ՀՀ սահմանամերձ համայնքներում հաշվառված այն անձինք, որոնց բնակության համայնքում առկա են եղել հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր և որոնց հողատարածքներն այդ հետևանքով դարձել են չօգտագործվող,
կառավարության սահմանած այլ սոցիալական խմբերի ներկայացուցիչները։
Փոխհատուցումը տրամադրվում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիներին՝ կառավարության սահմանած կարգով։
Ինչպե՞ս կփոխվի տարիքային շեմը
Գործող կարգավորմամբ 2026 թվականին փոխհատուցում ստանալու իրավունք ունեն մինչև 1944 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիները։
Նախագծով առաջարկվում է տարիքային շեմը երկու տարով փոփոխել՝ այն հասցնելով մինչև 1946 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց։
Այսպիսով, 2027 թվականից փոխհատուցում ստանալու իրավունք կունենան նաև 1945 և 1946 թվականներին ծնված ավանդատուները։
Կփոփոխվեն նաև մարտական գործողությունների մասնակիցների տվյալների տրամադրման կարգավորումները
Նախագծով վերանայվում է նաև այն պետական մարմինների ցանկը, որոնք Հայաստանի Հանրապետության աշխատանքի և բարեկեցության նախարարին պետք է տրամադրեն ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձանց ցուցակը։
Ցուցակները նախարարությանը պետք է տրամադրեն պաշտպանության, արդարադատության, ներքին գործերի նախարարությունները, Ազգային անվտանգության ծառայությունը, Արտաքին հետախուզության ծառայությունը և Պետական պահպանության ծառայությունը։
Միաժամանակ հստակեցվում է, որ սկզբնական ցուցակները տրամադրելուց հետո անհրաժեշտության դեպքում պետք է ներկայացվեն նաև դրանցում կատարված հետագա լրացումները։ Դրանք պետք է ներառեն քաղաքացիների անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան թիվը, հաշմանդամության խումբը, բնակության վայրը, անձը հաստատող փաստաթղթի համարը և հանրային ծառայությունների համարանիշը։
Ի՞նչ այլ փոփոխություններ են նախատեսվում
Նախագծով առաջարկվում է նաև ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 56-րդ կետը, որը, ըստ հիմնավորման, ժամանակային առումով այլևս կիրառելի չէ և ունի անցումային բնույթ։
Բացի այդ, որոշման մեջ համապատասխանեցվում են պետական մարմինների անվանումները և նախարարության անվանման հետ կապված ձևակերպումները։
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել 2027 թվականին ավանդների փոխհատուցման իրավունքի ճանաչման և վճարումների բնականոն ընթացքը։
Նշվում է, որ առաջարկվող փոփոխությունների ընդունմամբ 2027 թվականի պետական բյուջեի եկամուտներն ու ծախսերը չեն ավելանա, քանի որ համապատասխան ծախսերն արդեն նախատեսված են 2027 թվականի պետական բյուջեի նախագծով։
Որոշման նախագիծն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից։


