Զինծառայող Տ.Ս․-ի կյանքից հեռանալու դեպքով 2 զինծառայողի մեղադրանք է ներկայացվել
Զինծառայող Տ.Ս․-ի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այդ մասին MediaHub-ի գրավոր հարցին ի պատասխան հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեից։
«2 զինծառայողի մեղադրանք է ներկայացվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու գործով»,- նշել են ՔԿ-ից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 31-ին, հայտնաբերվել էր ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի (ընտանիքը սահմանված կարգով տեղեկացված է) դին՝ հրազենային վնասվածքով։ MediaHub-ի տեղեկություններով՝ զինծառայողը Սևան համայնքի բնակիչ Տիգրան Ստեփանյանն էր։
Մենք զրուցել էինք Սևան քաղաքի N 1 հիմնական դպրոցի ուսուցչուհիներից մեկի հետ, որը ժամանակին դասավանդել է Տիգրանին։ «Ընտանիքում երկուսն էին, մեծ եղբայրն ավարտել էր բանակային ծառայությունը, ինքը փոքրն էր։ Մեկ տարի էր, ինչ ծառայում էր, պետք է հուլիսին վերադառնար»,-ասել է նա։ Ուսուցչուհու խոսքով՝ Տիգրանն օրինակելի աշակերտ էր, կիրթ ու դաստիարակված։ Դպրոցն ավարտելուց հետո գնացել էր ավագ դպրոց, և կապը տղայի հետ կորել էր. «Շատ ցավալի դեպք է, շատ դաստիարակված, կիրթ երեխա էր։ Ընդհանրապես, իրենք քաղաքի լավագույն, օրինակելի բնակիչներից են»։


