Մարդատար ավտոմեքենան լիճն է ընկել․ զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ 5 երեխա․ Բրազիլիա
MediaTime.am-ը գրում է․
Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո նահանգում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 10 մարդ է զոհվել, որոնցից հինգը երեխաներ են։
Ինչպես հայտնում է Euronews-ը՝ AFP-ին հղումով, վթարը տեղի է ունեցել նահանգի Բարա Մանսա համայնքի գյուղական հատվածում։ Մարդատար ավտոմեքենան, որում չափազանց շատ ուղևորներ են եղել, դուրս է եկել ճանապարհից և հայտնվել լճում։
Դեպքը տեղի է ունեցել կիրակի վաղ առավոտյան։ Ավտոմեքենան ջրի տակ նկատած պատահական անցորդը ահազանգել է համապատասխան ծառայություններին։
Ռիո դե Ժանեյրոյի նահանգային իշխանությունների փոխանցմամբ՝ մեքենայից դուրս բերված բոլոր տուժածներն արդեն մահացած են եղել։ Զոհերի թվում եղել է հինգ մեծահասակ և հինգ երեխա։
Բրազիլական որոշ լրատվամիջոցների հաղորդմամբ՝ զոհերի թվում կարող է լինել նաև նորածին աղջիկ։ Սակայն զոհվածների ինքնությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել։
Դեպքի վայր են ժամանել փրկարարական ծառայությունները։ Հրշեջներին հաջողվել է դուրս բերել ջրի տակ հայտնված բոլոր տուժածներին՝ երկու ջրասուզակի օգնությամբ։
Տեղական իշխանությունները դեպքը նախնական որակել են որպես դժբախտ պատահար։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու ողբերգության հանգամանքները։
G1 լրատվամիջոցի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով զոհված բոլոր տասը անձինք, ըստ նրանց հարազատներից մեկի, նույն ընտանիքի անդամներ են եղել։
Նշվում է նաև, որ Ռիո դե Ժանեյրոյի շրջանում շաբաթ օրը հորդառատ անձրևներ են տեղացել, ինչի հետևանքով մի շարք փողոցներ, այդ թվում՝ զբոսաշրջիկների շրջանում հայտնի Կոպակաբանայի հատվածները, հեղեղվել են։
Աղբյուր՝ Euronews


