Ռուսաստանը հորդորում է իր քաղաքացիներին զերծ մնալ Իրան մեկնելուց
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս քաղաքացիներին զերծ մնալ Իրան այցելելուց՝ մինչև տարածաշրջանում իրավիճակի լիարժեք կարգավորումը։ Այս մասին «Իզվեստիա» պարբերականի հարցին ի պատասխան՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հաշվի առնելով նոր էսկալացիայի պահպանվող բարձր ռիսկերը։
Ներկայումս Իրանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիներին կոչ է արվել ցուցաբերել առավելագույն զգոնություն։ Մարիա Զախարովան հորդորել է խուսափել մարդկանց մեծ կուտակումներից, զանգվածային միջոցառումների վայրերից, ինչպես նաև ռազմական և պետական-կառավարական օբյեկտներին հարակից տարածքներից։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը շեշտել է, որ ռուսական կողմը շարունակում է ուշադիր հետևել տեղում ստեղծված իրավիճակի զարգացումներին և կոչ է անում Իրանում գտնվող իր հայրենակիցներին դրսևորել նույնպիսի ուշադրություն ու զգուշություն։


