Ողբերգական ավտովթարի զոհերից 3-ը Հնաբերդից էին. 18-ամյա տղան ձմռանը բանակ էր զորակոչվելու
Ինչպես արդեն հայտնել էինք՝ երեկ՝ նոյեմբերի 3-ին, Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Ուշիի ոլորաններում, բախվել են Jeep Compass մակնիշի, Opel Zafira մակնիշի, Chevrolet Volt մակնիշի ավտոմեքենաները և կցորդիչով բեռնատարը։ Այս մասին գրում է Aysor.am-ը։
Վթարի հետևանքով 9 զոհ կա։
Զոհերից 3-ը Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղից էին՝ ամուսիններն ու իրենց 18-ամյա որդին։
Լրատվամիջոցը կապ է հաստատել Հնաբերդի վարչական ղեկավար Արմեն Իսրայելյանի հետ։
Նա նշել է, որ ընտանիքը բնակվում էր Երևանում, գյուղում մահացած տղամարդու՝ Վահրամ Ասատրյանի ծնողներն են ապրում։
«Ինքը զինծառայող էր երկար տարիներ՝ հայրենիքին նվիրված, պատերազմին է մասնակցել, աշխատում էր Պաշտպանության նախարարությունում, բարձր պաշտոն ուներ՝ փոխգնդապետ էր»,-ասաց վարչական ղեկավարը։
Վթարի հետևանքով զոհված 18-ամյա տղան էլ օրեր առաջ էր տոնել ծննդյան տարեդարձը, ձմռանը բանակ պիտի զորակոչվեր։
Տան փոքրն էր, ունի երկու քույր, որոնք ամուսնացած են։
«Շատ ցավալի բան է, ամբողջ գյուղը սգում է, շատ լավ ընտանիք էին, գյուղում չէին ապրում, բայց գյուղի հոգսերով մտահոգ էին միշտ»,-պատմել է վարչական ղեկավարը։


