Ռուսաստանում արձանագրվել են չինական Li Auto (Lixiang) ապրանքանիշի էլեկտրական և հիբրիդային ավտոմեքենաների զանգվածային կոտրման դեպքեր, ինչի հետևանքով տրանսպորտային միջոցների մի մասը լիովին արգելափակվել է։
Հարձակման ենթարկված մեքենաները դադարել են գործարկվել, անջատվել են սրահի էկրանները, ինչպես նաև կլիմատ-կոնտրոլի և այլ հիմնական համակարգերի կառավարման ֆունկցիաները։
Ինչպես են դա անում Հաքերները գողանում են մեքենաների «մաստեր-հաշիվները» (Master Accounts), որոնք աշխատում են որպես թվային բանալի։ Առանց դրանց հնարավոր չէ օգտվել մեքենայի հավելվածից ու գործարկել այն։ Տվյալները գողանալուց հետո նրանք կապվում են տերերի հետ և պահանջում 35 000 – 45 000 ռուբլի՝ մեքենան ետ բերելու համար։
Փորձագետների գնահատմամբ՝ տվյալների արտահոսքը կարող է պայմանավորված լինել հետևյալ գործոններով.
- Ապահովագրական բազաներից VIN կոդերի արտահոսք,
- Չինական eSender վիրտուալ համարների համակարգի խոցելիություններ,
- Օգտատերերի կողմից տվյալների փոխանցում երրորդ անձանց՝ ծրագրային ապահովման ռուսիֆիկացման և թարմացումների ժամանակ։
Li Auto-ի պաշտոնական դիստրիբյուտոր Sinomach Auto ընկերությունը հաստատել է տվյալների արտահոսքի և արգելափակումների փաստը։ Արտադրողի մասնագետներն այժմ աշխատում են անվտանգության նոր համակարգի մշակման ուղղությամբ։
Մասնավորապես, նախատեսվում է ներդնել օրինական տերերի վերիֆիկացման հատուկ ընթացակարգ և իրականացնել անհատական հաշիվների միգրացիա՝ չինական հեռախոսահամարներից դեպի էլեկտրոնային փոստի հասցեներ։ Մինչ խնդրի վերջնական լուծումը՝ մասնագետները խորհուրդ են տալիս չվճարել պահանջվող փրկագինը և դիմել իրավապահ մարմիններին։


