Վրաստանից արտաքսումների նոր ալիք․ ցանկում նաև ՀՀ քաղաքացիներ կան
Վրաստանի ՆԳՆ միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները վերջին օրերին արտաքսել են 101 օտարերկրացու, որոնց թվում կան Ռուսաստանի քաղաքացիներ։ Այս մասին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։
ՆԳՆ տվյալներով՝ Վրաստանից արտաքսվել են Ադրբեջանի, Հայաստանի, Ալժիրի, Բելառուսի, Եգիպտոսի, Հորդանանի, Հնդկաստանի, Քենիայի, Չինաստանի, Կուբայի, Կոտ դ’Իվուարի, Նիգերիայի, Նեպալի, Պակիստանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ֆիլիպինների և այլ երկրների քաղաքացիներ։
Արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել հանրապետություն։
Վրաստանում վերջին շրջանում ակտիվ պայքար է մղվում անօրինական միգրանտների դեմ։ Երկրի խորհրդարանը խստացրել է միգրացիոն օրենսդրությունը՝ պարզեցնելով արտաքսման, ինչպես նաև միգրանտների խուզարկության ընթացակարգերը։ Հանրապետության ՆԳՆ-ն ամեն ամիս հայտնում է տասնյակ օտարերկրյա քաղաքացիների արտաքսման մասին։ ՆԳՆ տվյալներով՝ տարեսկզբից Վրաստանից արտաքսվել է ավելի քան 3,6 հազար անօրինական միգրանտ։


