Հրահանգվել է տեսախցիկներով հսկել․ Ավինյան
Մենք այնքան վատ ենք սովորել, երբ խաչմերուկներում կանաչ լույսի վերջին վայրկյաններին մեր ավտոբուսներն ու տրոլեյբուսները մտնում են խաչմերուկ, փակում այն ու մի ժամ այդ խաչմերուկը էլ չի կարգաբերվում։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Հիմա խնդրում եմ ասեք, մեր տրոլեյբուսներին ու ավտոբուսներին ի՞նչ հրահանգ է գնացել այս մասով»,– ասել է նա՝ դիմելով փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին։
Վերջինս նշել է, որ հրահանգվել է տեսախցիկներով հսկել վարորդների վարքագիծը, սակայն նույն վարքագիծը դրսևորում են նաև մարդատար ավտոմեքենաները։
Ավինյանն էլ ասել է. «Երբ դա անում է ավտոբուսը, կամ մեր ԵԱՍՄ–ի տեխնիկան, մեր կանաչապատման տեխնիկան, դա հաստատ ավելի մեծ խնդիր է ստեղծում, քան երբ դա անում է մարդատար մեքենան։ Առաջին փուլով եկեք հլը մեզնից սկսենք, մեր ԵԱՍՄ-ին էլ խնդրենք, մեր կանաչապատմանն էլ խնդրենք, այդ խաչմերուկների ազատ պահելու կանոնը սրբորեն պահել և հրահանգ տալ բոլոր վարորդներին։ Նաև համապատասխան պատժի միջոցներ էլ կիրառել, եթե դրա կարիքը կա։ Չիմանանք այդպիսի դեպք, որ դիմացը տեսնելով, որ փակ է խաչմերուկը, գնում են, մտնում են խաչմերուկ և փակում են իրենք իրենցով, իրենց տեխնիկայով»։


