Հայաստանում 680 հազար մարդու կենսաթոշակի չափը կբարձրանա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ վերջին 8 տարվա ընթացքում կենսաթոշակների չափը բարձրացվել է 8 անգամ, այդ թվում՝ հետվճարի ծրագրի ներդրման միջոցով։
Նախարարի խոսքով՝ Կառավարությունը մտադիր է 2028 թվականից ներդնել կենսաթոշակների ինդեքսավորման ծրագիր՝ հաշվի առնելով գնաճը։
«Մենք խոստացել ենք և մտադիր ենք 2028 թվականից իրականացնել կենսաթոշակների ինդեքսավորման ծրագիր՝ հաշվի առնելով գնաճը։ Դա կարվի կա՛մ հետվճարի միջոցով, կա՛մ ուղղակիորեն, որպեսզի կենսաթոշակի միջին չափը նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից ցածր չլինի»,- ասել է Թորոսյանը։
Նա տեղեկացրել է, որ այս տարի կենսաթոշակների վճարման համար արդեն հատկացվել է նախատեսվածից 90 միլիարդ դրամով ավելի, իսկ հաջորդ տարի նախատեսվում է այդ նպատակով ուղղել լրացուցիչ 120 միլիարդ դրամ։
Թորոսյանի փոխանցմամբ՝ Կառավարությունը նախատեսում է կենսաթոշակառուների հետվճարի ծրագիրը երկարաձգել ևս երեք տարով։
«Եթե կենսաթոշակի չափի մասով փոփոխություններ էլ լինեն, ապա դրանք կլինեն բարձրացման ուղղությամբ»,- նշել է նախարարը։
Նրա ներկայացրած տվյալներով՝ ներկայում Հայաստանում 572 հազար կենսաթոշակառու օգտվում է հետվճարի ծրագրից։ Տարեսկզբին այդ թիվը 415 հազար էր։ Հետվճարի միջին չափը կազմում է 8200 դրամ։
Անդրադառնալով նպաստների համակարգին՝ Արսեն Թորոսյանը հայտնել է, որ Հայաստանում ներկայում նպաստ ստանում է 33 հազար ընտանիք։ Այդ թիվը, սակայն, կարող է փոփոխվել։
Նա նաև պարզաբանել է, որ հուղարկավորության նպաստների վճարումը չի դադարեցվում, այլ փոխվում է դրանց տրամադրման սկզբունքը։ Օգնությունը կդառնա հասցեական և կտրամադրվի բնակչության անապահով խմբերին՝ նպաստառուներին։
Նախարարը խոսել է նաև անկանխիկ դրամաշրջանառության մասին՝ նշելով, որ Հայաստանում դրա ծավալները կարող են նվազել, և հետագայում հնարավոր է իրավիճակ, երբ քաղաքացիների ձեռքին կանխիկ գումար չլինի։


