Երեխաներին առանց մանկական պահող հարմարանքների տեղափոխելու, կանգառի և կայանման կանոնները խախտելու, ինչպես նաև որոշ ճանապարհային նշանների պահանջները չկատարելու համար նախատեսվում է խստացնել պատասխանատվությունը։ Առաջարկվում է նաև թմրանյութ օգտագործած վիճակում մեքենա վարելու փաստը ստուգել տեխնիկական միջոցներով, փոփոխություններ կատարել անհատական շարժունակության միջոցների օգտագործման կանոններում և վերանայել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի պետական ծրագրավորման կարգավորումները։
Iravaban.net–ի փոխանցմամբ՝ կառավարությունը հավանություն է տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող նախագծերի փաթեթին՝ այն անհետաձգելի համարելով Ազգային ժողով ներկայացնելու համար։ Առաջարկվող փոփոխությունները դեռևս նախագծեր են։
Երեխաներին առանց մանկական նստատեղի տեղափոխելու համար տուգանքը կբարձրանա
Նախագծով առաջարկվում է տրանսպորտային միջոցներով երեխաների փոխադրման կանոնների խախտման համար գործող 5000 դրամ տուգանքը փոխարինել 20 000 դրամ տուգանքով և 1 տուգանային միավորով։ Նախագծի հիմնավորման համաձայն՝ խստացումը պայմանավորված է երեխաների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքները մեղմելու և մանկական տրավմատիզմը կանխելու անհրաժեշտությամբ։
Ըստ ներկայացված տվյալների՝ 2025 թվականին մինչև 12 տարեկան երեխաների մասնակցությամբ արձանագրվել է 404 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով 11 երեխա զոհվել է, 487-ը՝ վիրավորվել։ 2024 թվականի համեմատությամբ պատահարների թիվն աճել է 82-ով, իսկ վիրավորներինը՝ 116-ով։ Զոհերի թիվը մնացել է նույնը։ Նույն հիմնավորման համաձայն՝ 2025 թվականին երեխաներին առանց համապատասխան պահող հարմարանքների տեղափոխելու 11 198 իրավախախտում է արձանագրվել։
Կանգառի և կայանման մի շարք խախտումների համար տուգանքները կխստացվեն
Խցանումները կանխելու և երթևեկության բնականոն հոսքն ապահովելու նպատակով առաջարկվում են պատասխանատվության հետևյալ միջոցները։
- «Մուտքն արգելվում է» նշանի պահանջը չկատարելու համար նախատեսվում է 20 000 դրամ տուգանք և 2 տուգանային միավոր,
- Բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելող նշանի պահանջը չկատարելու համար նախատեսվում է 20 000 դրամ տուգանք և 2 տուգանային միավոր,
- Բեռնատար ավտոմոբիլների երթևեկության ուղղությունը ցույց տվող նշանի պահանջը չկատարելու համար նախատեսվում է 20 000 դրամ տուգանք և 2 տուգանային միավոր,
- «Կանգառն արգելվում է» նշանի կամ համապատասխան գծանշման պահանջը խախտելու համար նախատեսվում է 20 000 դրամ տուգանք և 1 տուգանային միավոր,
- Տրանսպորտային միջոցը երթևեկելի մասի երկրորդ կամ ավելի շարքում տեղակայելու համար նախատեսվում է 20 000 դրամ տուգանք և 1 տուգանային միավոր,
- Կանգառի կամ կայանման կանոնների խախտման պատճառով մեքենան հատուկ պահպանվող տարածք տարհանելու համար նախատեսվում է 29 000 դրամ տուգանք և 1 տուգանային միավոր՝ գործող 20 000 դրամ տուգանքի և 0.5 միավորի փոխարեն,
- Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետի տարածքում կանգառ կատարելը կամ կայանելը, ինչպես նաև երթևեկելի մասի եզրին ոչ զուգահեռ կայանելու համար նախատեսվում է 20 000 դրամ տուգանք և 1 տուգանային միավոր՝ գործող նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով տուգանքի փոխարեն։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ 2026 թվականի առաջին ինը ամիսներին կանգառի և կայանման կանոնների խախտման 272 056 դեպք է արձանագրվել։ Դա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 36 656-ով կամ 15.6 տոկոսով ավելի է։ Խախտումների զգալի մասը վերաբերում է տրանսպորտային միջոցը երկրորդ կամ ավելի շարքում կանգնեցնելուն։
Թմրանյութ օգտագործած վիճակում մեքենա վարելու փաստը կստուգվի տեխնիկական միջոցներով
Գործող կարգավորմամբ ոստիկանությունը տեխնիկական միջոցներով կարող է ստուգել վարորդի սթափությունը՝ արտաշնչած օդում ալկոհոլի պարունակությունը որոշելու միջոցով։ Իսկ թմրանյութ օգտագործած վիճակում մեքենա վարելու կասկածի դեպքում այդ փաստի ստուգումն իրականացվում է բժշկական կազմակերպություններում՝ արյան կամ մեզի միջոցով։
Նախագծով առաջարկվում է ոստիկանությանը հնարավորություն տալ տեխնիկական միջոցներով ստուգելու նաև թմրանյութ օգտագործած վիճակում գտնվելու փաստը և դրա հիման վրա կիրառելու վարչական պատասխանատվություն։ Այս փոփոխության նպատակը թմրանյութ օգտագործած վիճակում մեքենա վարելու դեպքերի առավել արդյունավետ կանխարգելումն է։
Էլեկտրական սկուտերների և անհատական շարժունակության այլ միջոցների օգտագործման կանոնները կփոխվեն
Նախագծով առաջարկվում է անհատական շարժունակության միջոցներ վարելու իրավունք վերապահել 16 տարին լրացած անձանց՝ առանց «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունքի պարտադիր պահանջի։ Բացի այդ, առաջարկվում է սահմանել ժամում առավելագույնը 10 կմ արագություն՝ հեծանվային և հեծանվահետիոտնային արահետներով, հեծանվորդների համար նախատեսված գոտիներով, մայթերով կամ հետիոտնային արահետներով շարժվելու դեպքում։
Նախատեսվում է նաև արագությունը չափող սարքի փոխարեն պահանջել արագությունը սահմանափակող սարքի առկայություն, որը թույլ չի տա գերազանցել օրենքով սահմանված առավելագույն արագությունը։ Այս փոփոխությունները, ըստ նախագծի հեղինակների, նպատակ ունեն լուծել անհատական շարժունակության միջոցների վերաբերյալ գործող կարգավորումների կիրառման ընթացքում ի հայտ եկած խնդիրները։
Ո՞վ կքննի մասնավոր պահնորդական ծառայությունների հետ կապված իրավախախտումները
Նախագծով առաջարկվում է փոխել նաև մասնավոր պահնորդական ծառայությունների հետ կապված որոշ իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու իրավասությունը։ Մասնավորապես, մասնավոր պահնորդական գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից պահնորդական ծառայություններ առաջարկելու կամ մատուցելու, ինչպես նաև այդպիսի անձանց ծառայություններից օգտվելու դեպքերի վերաբերյալ գործերը քննելու և որոշումներ կայացնելու իրավասությունը նախատեսվում է վերապահել ՆԳՆ ոստիկանությանը։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ այդ իրավախախտումները հայտնաբերում է ոստիկանությունը, մինչդեռ գործերը քննելու և որոշումներ կայացնելու իրավասությունը ներկայումս վերապահված է ՆԳՆ-ի թույլտվության և լիցենզավորման գործունեության բնագավառի լիազոր ստորաբաժանման քաղաքացիական ծառայողներին։
Ոստիկանության՝ փորձաքննություններ կատարելու իրավունքը կհանվի օրենքից
Նախագծերի փաթեթով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Ոստիկանության մասին» օրենքի այն դրույթը, որով ոստիկանությունն իրավունք ունի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով փորձաքննություններ կատարելու։ Հիմնավորման համաձայն՝ ոստիկանության համակարգային փոփոխությունների արդյունքում փորձաքրեագիտական ծառայությունը ոստիկանության կազմից հանվել և ՊՈԱԿ-ի կարգավիճակով ընդգրկվել է Քննչական կոմիտեի կազմում։ Հետևաբար առաջարկվում է համապատասխանեցնել օրենքի դրույթները համակարգային այդ փոփոխություններին։
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարեկան ծրագրի կարգավորումները կվերանայվեն
Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի 7-րդ գլուխը, որը վերաբերում է թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի պետական քաղաքականության ծրագրային հիմքերին։ Այդ կարգավորումներով նախատեսված են ոլորտի տարեկան ծրագրի մշակման, պետական բյուջեի նախագծի կազմում Ազգային ժողով ներկայացնելու, ծրագրի իրականացման և կատարման հաշվետվության հետ կապված հարաբերությունները։
Նախագծի հեղինակների հիմնավորմամբ՝ հանցավորության դեմ պայքարը պետք է իրականացվի միասնական և փոխկապակցված քաղաքականության շրջանակում, այլ ոչ թե յուրաքանչյուր առանձին ուղղության համար պարտադիր ինքնուրույն տարեկան ծրագրեր նախատեսելու միջոցով։
Հիմնավորման համաձայն՝ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման ու ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2025-2027 թվականների ռազմավարությունն ու միջոցառումների ծրագիրն արդեն իսկ սահմանում են ոլորտի առաջնահերթությունները։ Դրանք ներառում են նաև թմրամիջոցներ գործածող անձանց բժշկական օգնության, վերականգնման և վերաինտեգրման, ինչպես նաև հանրային առողջության պահպանմանն ուղղված միջոցառումներ։
Նախագծի հեղինակները պնդում են, որ տարեկան առանձին ծրագրի պարտադիր պահանջը վերացնելը չի նշանակում դադարեցնել այդ ոլորտում պետական քաղաքականության իրականացումը։ Ըստ առաջարկվող կարգավորման՝ աշխատանքները կշարունակվեն ռազմավարական և այլ ծրագրային փաստաթղթերի, պետական մարմինների ընթացիկ ու թիրախային միջոցառումների միջոցով։ Կպահպանվի նաև առանձին միջոցառումների համար պետական բյուջեից ֆինանսավորում նախատեսելու հնարավորությունը։
Հավելենք՝ նախագծերի փաթեթը մշակվել է ՆԳՆ-ի կողմից։ Հիմնավորման համաձայն՝ դրա ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխություն չի նախատեսվում։
Հիշեցնենք, որ նյութում ներկայացված փոփոխությունները նախագծային առաջարկներ են և կգործեն օրենքով սահմանված կարգով ընդունվելու և ուժի մեջ մտնելու դեպքում։


