Հաշվառումից հանելու նոր կարգ․ սեփականատերը կիմանա՝ ովքեր են գրանցված իր հասցեում
2027 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է, որ բնակարանի կամ տան սեփականատերը տեղեկությունների մուտքի հարթակում կտեսնի իր գույքի հասցեում հաշվառված անձանց անունն ու ազգանունը։ Եթե սեփականատերը նախաձեռնի ձեզ հաշվառումից հանելը, պատասխանելու համար կունենաք 5 աշխատանքային օր, իսկ չպատասխանելու դեպքում գրանցումը կդադարեցվի ինքնաշխատ։ Նախագիծը հանրային քննարկման է դրված մինչև 2026 թվականի հոկտեմբերի 25-ը և դեռ ընդունված չէ։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, կանոնները նախատեսված են Ներքին գործերի նախարարության մշակած «Բնակչության հաշվառման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագծով, որի հիմքում «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասն է։ Հաշվառումը կիրականացնի միգրացիայի և քաղաքացիության բնագավառի պետական լիազոր մարմինը։
Ի՞նչ է հիմնական և ոչ հիմնական հասցեն
Նախագծի համաձայն՝ յուրաքանչյուր անձ պետք է ունենա մեկ գործող հիմնական հասցե, և դրա գրանցումը պարտադիր է։ Հիմնական հասցեն հիմք է ընդունվում բնակության վայրով պայմանավորված հանրային ծառայություններ մատուցելու, ինչպես նաև ընտրողների ցուցակը կազմելու համար։
Ոչ հիմնական հասցեները կարող են լինել մեկ կամ մի քանիսը։ Դրանք գրանցվում են պաշտոնական ծանուցումներ կամ հանրային ծառայություններ ստանալու համար, և յուրաքանչյուրի համար նշվում է օգտագործման նպատակը։
Հասցեի գրանցումը չի առաջացնում, չի հաստատում և չի դադարեցնում գույքի նկատմամբ սեփականության, բնակության կամ օգտագործման իրավունք և ինքնին չի կարող այդպիսի իրավունքի ապացույց լինել։ Գրանցումը, փոփոխումը կամ դադարեցումը կատարվում է հարթակի կամ լիազոր մարմնի միջոցով՝ պահանջը ներկայացնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում։
Պե՞տք է արդյոք 2027-ից նորից հաշվառվել
Նախագծի համաձայն՝ մինչև նոր կարգի ուժի մեջ մտնելը հաշվառված անձինք շարունակում են մնալ հաշվառված, և նրանց մշտական կամ փաստացի բնակվելու վայրի հասցեն ռեգիստրում գրանցվում է որպես հիմնական հասցե։
1. Ի՞նչ տվյալներ կտեսնի սեփականատերը
Ֆիզիկական անձ սեփականատիրոջը հարթակում հասանելի կլինեն իր գույքի հասցեում հիմնական կամ ոչ հիմնական հասցեով գրանցված անձանց՝
• անունը, ազգանունը,
• հասցեի տեսակը (հիմնական կամ ոչ հիմնական),
• գրանցման օրը, ամիսը և տարին։
Տվյալները հասանելի կլինեն, եթե Կադաստրի կոմիտեի տվյալներով հաստատվի հարցում ներկայացնողի սեփականության իրավունքը։ Իրավաբանական անձ սեփականատիրոջը նույն տվյալները կտրամադրվեն հարցումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։
2. Իսկ եթե սեփականատերը որոշի ձեզ հանել հաշվառումի՞ց
Սեփականատերը կարող է հարթակի կամ լիազոր մարմնի միջոցով նախաձեռնել իր գույքի հասցեում երրորդ անձի հիմնական հասցեի գրանցման դադարեցումը։ Լիազոր մարմինը ծանուցում է գրանցված անձին, իսկ անչափահասի կամ խնամակալության (հոգաբարձության) տակ գտնվող անձի դեպքում՝ նրա ծնողին կամ այլ օրինական ներկայացուցչին։
Ծանուցումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում գրանցված անձը կարող է՝
• համաձայնել գրանցման դադարեցմանը,
• հայտնել գույքն օգտագործելու կամ այդ հասցեում բնակվելու իրավական հիմքի մասին,
• հայտնել, որ փաստացի բնակվում է այդ հասցեում։
Եթե անձը չի արձագանքում, ժամկետի ավարտին հիմնական հասցեի գրանցումը դադարեցվում է ինքնաշխատ։ Օգտագործման իրավունքը ստուգվում է Կադաստրի կոմիտեի տվյալներով, իսկ փաստացի բնակվելը՝ ոստիկանության կողմից։ Այդ հանգամանքներից առնվազն մեկը հաստատվելու դեպքում սեփականատիրոջ նախաձեռնությունը մերժվում է, իսկ երկուսն էլ չհաստատվելու դեպքում գրանցումն անմիջապես դադարեցվում է։
Ծանուցումներն ուղարկվում են հարթակի միջոցով, իսկ ռեգիստրում էլեկտրոնային փոստի հասցե լինելու դեպքում՝ նաև էլեկտրոնային փոստով։
3. Քանի՞ օրում պետք է գրանցել նոր հասցեն
Անձը պարտավոր է դեպքի օրվան հաջորդող 15 աշխատանքային օրվա ընթացքում գրանցել կամ փոփոխել իր հիմնական հասցեն, եթե՝
• տեղափոխվել է նոր մշտական բնակության վայր,
• դադարեցվել է նրա հիմնական հասցեի գրանցումը,
• ձեռք է բերել ռեգիստրի սուբյեկտի կարգավիճակ։
Եթե այդ ժամկետից հետո հիմնական հասցեն գրանցված չէ, լիազոր մարմինը որպես հիմնական հասցե կգրանցի անձի վերջին հայտնի փաստացի գտնվելու վայրի համայնքն ու բնակավայրը՝ առանց շենքի կամ բնակության տարածքի տվյալների։ Եթե դրանք որոշել հնարավոր չէ, ռեգիստրում նշում կկատարվի հիմնական հասցե չունենալու մասին։
4. Ո՞ւմ կհաշվառեն առանց սեփականատիրոջ համաձայնության
Հիմնական հասցեն գրանցելիս ռեգիստրն ինքնաշխատ ստուգում է Կադաստրի կոմիտեի տվյալները։ Եթե անձը տվյալ գույքի սեփականատեր կամ համասեփականատեր է, ունի դրա գնման կամ օգտագործման (այդ թվում՝ անհատույց օգտագործման) իրավունք, հիմնական հասցեն գրանցվում է ինքնաշխատ՝ առանց սեփականատիրոջ կամ համասեփականատերերի լրացուցիչ համաձայնության։ Նույն կերպ՝ առանց համաձայնության, այդ գույքի հասցեով գրանցվում է նաև նման անձի անչափահաս երեխայի հիմնական հասցեն։
5. Իսկ եթե գույքի նկատմամբ իրավունք չունե՞ք
Եթե Կադաստրի կոմիտեի տվյալներով իրավունքը չի հաստատվում, սեփականատիրոջը (համասեփականատերերին) կամ գնման իրավունք ունեցողին ինքնաշխատ հարցում է ուղարկվում։ Հարցումն ստացած յուրաքանչյուր անձ 5 աշխատանքային օրվա ընթացքում կարող է հաստատել ձեր փաստացի բնակվելը կամ առարկել։ Եթե բոլորը հաստատում են, հասցեն գրանցվում է ինքնաշխատ։
Եթե բոլորի հաստատումը չի ստացվել, դուք ծանուցում եք ստանում և 3 աշխատանքային օրվա ընթացքում կարող եք վերահաստատել, որ բնակվում եք այդ հասցեում, կամ հրաժարվել գրանցումից։ Չարձագանքելու դեպքում գործընթացը դադարեցվում է։
Վերահաստատելու դեպքում ոստիկանությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է ձեր փաստացի բնակվելը։ Այն հաստատվելու դեպքում լիազոր մարմինը 1 աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է հիմնական հասցեն, իսկ չհաստատվելու դեպքում գրանցումը մերժվում է։
6. Ինչպե՞ս կգրանցվի երեխայի հասցեն
Նորածնի հիմնական հասցեն առաջին անգամ գրանցելիս հիմք է ընդունվում մոր հիմնական հասցեն, իսկ դրա բացակայության դեպքում՝ հոր հիմնական հասցեն։ Եթե ծնողներն ունեն նույն հիմնական հասցեն, երեխայի հասցեն այդ հասցեով կարող է գրանցել կամ փոխել ծնողներից մեկը՝ առանց մյուսի համաձայնության։
Եթե ծնողների հիմնական հասցեները տարբեր են, մյուս ծնողը ծանուցվում է և 5 աշխատանքային օրվա ընթացքում կարող է առարկել կամ համաձայնել։ Համաձայնելու կամ չարձագանքելու դեպքում երեխայի հասցեն փոխվում է ինքնաշխատ, իսկ առարկության դեպքում ոստիկանությունը ստուգում է երեխայի փաստացի բնակվելը։ Մյուս ծնողի համաձայնություն չի պահանջվում, օրինակ, եթե կա երեխայի բնակության վայրը որոշող՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ։
Տասնվեց տարին լրացած անչափահասը կարող է իր հիմնական հասցեն փոխել կամ նոր հասցե գրանցել անձամբ՝ առանց ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնության։
7. Ինչպե՞ս կգրանցվի և կդադարեցվի ոչ հիմնական հասցեն
Ոչ հիմնական հասցեն գրանցվում է տվյալների ամբողջականության և հասցեի գոյության ինքնաշխատ ստուգումից հետո՝ առանց սեփականատիրոջ համաձայնության։ Միևնույն ժամանակ սեփականատերը կարող է դադարեցնել իր գույքի հասցեում իր կամ երրորդ անձի ոչ հիմնական հասցեի գրանցումը։ Հարթակի միջոցով այն դադարեցվում է անմիջապես, իսկ լիազոր մարմնի միջոցով՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում։ Գրանցված անձը և սեփականատերը ծանուցվում են ինքնաշխատ։
Կարելի՞ է բողոքարկել
Հիմնական հասցեն գրանցելու, փոփոխելու, գրանցումը դադարեցնելու կամ դրանք մերժելու վերաբերյալ լիազոր մարմնի որոշումները, գործողությունները և անգործությունը կարող են բողոքարկվել օրենքով սահմանված կարգով։


