Ձեր առաջնորդը Ռեիսն է, իսկ Ադրբեջանինը՝ հաղթանակած Իլհամ Ալիևը․ ուշագրավ ուղերձ Թուրքիայից
Թուրքական «Քարար» թերթի մեկնաբան Ահմեթ Թաշգեթիրենն, անդրադառնալով Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու հարցի շուրջ Բաքվի և Անկարայի միջև ծագած տարաձայնություններին, իր հոդվածում ուշադրություն է հրավիրել այլ պետությունների ներքին գործերին միջամտելու անթույլատրելիության վրա։
Ներկայացնում ենք նրա հրապարակման առավել ուշագրավ հատվածները։
«Թուրքիան ձգտում է զարգացնել հարաբերությունները Ադրբեջանի, ինչպես նաև թյուրքական աշխարհի մյուս պետությունների հետ։ Նույն կերպ, իսլամական միասնության և հոգևոր եղբայրության գաղափարի շրջանակում, այն հարաբերություններ է կառուցում նաև մահմեդական այլ երկրների հետ։
Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ յուրաքանչյուր երկիր անցել է իր պատմական ուղին, որի արդյունքում ձևավորվել են պետական կառավարման տարբեր համակարգեր և քաղաքական վերնախավեր։
Բացի այդ, յուրաքանչյուր պետություն ունի իր միջազգային կապերը, որոնք պայմանավորված են ազգային շահերով, աշխարհագրական իրողություններով և ղեկավարության առանձնահատկություններով։
Ուստի իսլամական աշխարհի և եղբայրական ժողովուրդների հետ հարաբերությունները պետք է դիտարկել՝ հաշվի առնելով այս իրողությունները։ Պետք է հասկանալ, որ գերիշխող պետության դեր ստանձնելու և մյուսներին սեփական կանոնները թելադրելու փորձերն անխուսափելիորեն դիմադրություն են առաջացնում։ «Ավագ եղբոր» դերը միշտ կարող է բացասական արձագանքի պատճառ դառնալ։
Եթե ձեր առաջնորդը «Ռեիսն» է, ապա Ադրբեջանի առաջնորդը հաղթանակած գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևն է։ Ինչպես ասում են՝ ապակե տանն ապրողը չպետք է քարեր նետի հարևանի տան վրա»,- ասել է Թուրքական «Քարար» թերթի մեկնաբան Ահմեթ Թաշգեթիրեն։


