Գույքահարկս բարձացել է, նպաստս կտրել են․ քաղաքացիներն ահազանգում են
Գույքահարկս բարձրացել է, նպաստս կտրել են։ Auroranews.am-ը բազմաթիվ քաղաքացիներից ահազանգեր է ստացել։
Նախ սկսենք նրանից, որ գույքահարկի փոփոխությունը նոր չէ։ Հայաստանում անշարժ գույքի հարկման նոր համակարգը ներդրվել է դեռևս 2021 թվականից։ Ըստ այդ բարեփոխման՝ գույքահարկը հաշվարկվում է ոչ թե հին կադաստրային արժեքով, այլ շուկայականին մոտարկված արժեքով, իսկ անցումը կատարվել է աստիճանաբար՝ 5 տարվա ընթացքում։
2026 թվականն առաջին տարին է, երբ սեփականատերերը հարկը վճարում են ամբողջական՝ 100 տոկոսի չափով։
Հիմա անցնենք նպաստներին։
Նպաստների համակարգում ևս մեծ փոփոխություններ են տեղի ունեցել։ Հին «Փարոս» համակարգին փոխարինել է անապահովության գնահատման նոր համակարգը։ 2026 թվականի հուլիսի 1-ից անապահովության գնահատման նոր համակարգը գործում է Երևանում և բոլոր մարզերում։
Հայաստանի աշխատանքի և բարեկեցության նախարարությունից Auroranews.am-ին ասել են, որ անշարժ գույքի գույքահարկը բարձրացել է, իսկ գույքը մարդու սեփականությունն է։ Սա նշանակում է, որ գույքային պայմանը բավարար է, և նա չի կարող ընդգրկվել անապահովության գնահատման համակարգում։
Գոյություն ունեն անշարժ գույքի գույքահարկի շեմեր։ Այդ տվյալներն Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը վերցնում է Կադաստրի կոմիտեից։ Եթե ընտանիքի գույքահարկը Երևանում գերազանցում է 18 750 դրամը և մարզերում 6560 դրամը, ապա դա արդեն արգելող գործոն է: Այս տվյալներից ելնելով՝ անձը չի կարող ընդգրկվել անապահովության գնահատման համակարգում և համարվել անապահով։


