Հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ չի կատարել․ փոխվարչապետի գրասենյակ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հերքել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման արդյունքում հայկական կողմի դիրքային կամ տարածքային զիջումների մասին վերջին օրերին տարածվող տեղեկությունները։
«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ փոխվարչապետի գրասենյակից հայտնել են, որ այդ հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման արդյունքում հայկական կողմի՝ դիրքային կամ տարածքային զիջումներ կատարելու մասին որոշ տեղեկատվական ռեսուրսներում վերջին օրերին տարածված լուրերը և հանգամանքները չեն համապատասխանում իրականությանը»,- հայտնել են փոխվարչապետի գրասենյակից։
Վերջին երկու օրերին տեղեկություններ էին շրջանառվում, թե Տավուշի մարզում ընթացող հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացի արդյունքում Նոյեմբերյան համայնքի Բերդավան գյուղի հարակից 4-5 հայկական մարտական դիրք անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։
Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը ևս հերքել էր այդ տեղեկությունը՝ այն որակելով «հերթական հերյուրանք»։
Տեղեկությունները հերքել էր նաև Նոյեմբերյան համայնքի ղեկավարը։


