Գերմանիայում ձերբակալվել է Իրաքի 24-ամյա քաղաքացի, որը կասկածվում է իսլամիստական ահաբեկչական խումբ ստեղծելու և երկրում հարձակում նախապատրաստելու մեջ։ Այս մասին գրում է Welt-ը՝ հղում անելով Գերմանիայի Գլխավոր դատախազությանը։
Գայլան Ալ-Մ.-ն ձերբակալվել է Բրանդենբուրգի Բարնիմ շրջանում՝ Դաշնային քրեական ոստիկանության և Դաշնային ոստիկանության աշխատակիցների կողմից։
Քննության վարկածով՝ տղամարդը կիսել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գաղափարախոսությունը և դեռ 2025 թվականի գարնանից սկսել է հարձակումներ ծրագրել այն մարդկանց դեմ, որոնց համարել է «անհավատներ»։
Դատախազության տվյալներով՝ կասկածյալը հրազեն է ձեռք բերել և ուսումնասիրել Բրեմենում գտնվող եկեղեցիներից մեկը՝ որպես հնարավոր առաջին թիրախ։
Քննիչները կարծում են, որ նրան հաջողվել է իր ծրագրերում ներգրավել առնվազն մեկ անձի, իսկ նոր կողմնակիցներ հավաքագրելու մյուս փորձերն անհաջող են եղել։
24-ամյա տղամարդը կասկածվում է ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու և ահաբեկչական հարձակում նախապատրաստելու մեջ։ Դատարանը որոշել է նախաքննության ընթացքում նրան կալանքի տակ պահել։


