Գերմանիան և Եվրամիությունը չպետք է Հայաստանին կանգնեցնեն Եվրոպայի և Ռուսաստանի միջև արհեստական ընտրության առաջ։ Այս մասին «Իզվեստիա»-ին հայտարարել է Բունդեսթագի պատգամավոր Մաթիաս Մոոսդորֆը։
Նրա խոսքով՝ Բունդեսթագի պատգամավորները քննարկում են նաև Հայաստանում հնարավոր հանրաքվեի հարցը, սակայն այդպիսի որոշում ընդունելու իրավունքը բացառապես Հայաստանի ժողովրդինն է։
«Բունդեսթագի պատգամավորները, իհարկե, բարձրացնում են հնարավոր հանրաքվեի հարցը։ Սակայն վճռորոշ նշանակություն ունի այն, որ նման որոշումը բացառապես հայ ժողովրդի իրավասության շրջանակում է», — նշել է Մոոսդորֆը։
Պատգամավորի կարծիքով՝ Գերմանիան և Եվրամիությունը չպետք է Հայաստանին դնեն Եվրոպայի և Ռուսաստանի միջև արհեստական ընտրության առաջ։
Մոոսդորֆը նշել է, որ Հայաստանի «առանձնահատուկ ուժը» հենց քաղաքական հավասար հեռավորություն պահպանելու և միաժամանակ Եվրամիության, Ռուսաստանի ու այլ գործընկերների հետ հարաբերություններ զարգացնելու կարողության մեջ է։
Սեպտեմբերի 14-ից 16-ը Բունդեսթագի պատգամավորների պատվիրակությունն այցելել է Հայաստան։


