Ֆրանսիայում դպրոցական ավտոբուս է վթարվել. կա 2 զոհ, 16 վիրավոր
Ֆրանսիայի արևելքում դպրոցական ավտոբուսի վթար է տեղի ունեցել, որի հետևանքով կա 2 զոհ, առնվազն 16 վիրավոր. նրանցից 3-ի վիճակը ծանր է։ Այս մասին հաղորդում է Le Figaro-ն։
Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ի առավոտյան՝ մոտ 7։30-ին, Լիոնից հյուսիս-արևելք գտնվող Լեն քաղաքում, որը Շվեյցարիայի հետ սահմանից մոտ 55 կմ հեռավորության վրա է։
Նշվում է, որ զոհերից մեկն անչափահաս էր, մյուսը՝ երիտասարդ։ Ընդհանուր առմամբ, ըստ հրապարակման, ավտոբուսում եղել է 40 մարդ։
Ըստ տեղի իշխանությունների՝ ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին։
Ֆրանսիայի կրթության նախարար Էդուար Ժեֆրեի խոսքով՝ վթարի մասնակիցները աշակերտներ են եղել։
Դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները։ Ծանր վնասվածքներ ստացած տուժածներին մասնագիտացված հիվանդանոց տեղափոխելու համար ուղղաթիռ է ներգրավվել։


