Ինչու՞ Փաշինյանը ռուսերեն ելույթի փոխարեն, որոշեց հանդես գալ հայերենով
MediaTime.am-ը գրում է.
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության («ՇՀԿ+») նիստում հայերեն ելույթ ունենալը։
Պեսկովը պատմել է, որ Փաշինյանի հայերեն խոսքի ժամանակ ինքն առաջին հերթին մտածել է՝ արդյոք ելույթի ռուսերեն համաժամանակյա թարգմանությունը հասանելի կլինի։
«Ես մտածեցի՝ որտե՞ղ է այն «ականջակալը», որը պետք է դնել, որպեսզի լսեմ ռուսերեն թարգմանությունը։ Նաև մտածեցի՝ կլինի՞ արդյոք ռուսերեն թարգմանություն, կա՞ արդյոք հայերենից ռուսերեն թարգմանիչ։ Թարգմանությունն իրականացվեց», — ասել է Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցիչը միաժամանակ Փաշինյանի ընտրությունը կապել է Հայաստանի ինքնիշխանությունն ընդգծելու ցանկության հետ։
«Դա, հավանաբար, Հայաստանի ինքնիշխանությունն ընդգծելու ցանկության ազդանշան էր։ Ինչու այդ մասին չէր կարելի հայտարարել հենց ռուսերենով, անկեղծ ասած, մենք չհասկացանք։ Բայց դա պետության ղեկավարի ընտրությունն է, և մենք հարգում ենք այն», — նշել է Պեսկովը։
Փաշինյանը սեպտեմբերի 1-ին Բիշքեկում «ՇՀԿ+» ձևաչափի նիստում առաջին անգամ հանդես եկավ հայերենով։ Նա այդ նիստին մասնակցած ԱՊՀ երկրների առաջնորդներից միակն էր, որը ելույթ ունեցավ ոչ ռուսերենով․ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ադրբեջանի ղեկավարները խոսեցին ռուսերեն։
Հայերեն ելույթում Փաշինյանը խոսել էր Հայաստանի բազմաբևեռ արտաքին քաղաքականության մասին և նշել, որ այդ քաղաքականությունը Երևանը ներկայացնում է որպես հավասարակշռված արտաքին քաղաքականություն։ Նա նաև հայտարարել էր, որ այդ թեմաները քննարկելու է Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպման ընթացքում։
Ուշակովը Փաշինյանի ընտրությունը «տարօրինակ» էր անվանել
Պեսկովի այսօրվա մեկնաբանությունից առաջ՝ սեպտեմբերի 1-ին, Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը նույնպես անդրադարձել էր Փաշինյանի հայերեն ելույթին։
Ուշակովը այն անվանել էր «տարօրինակ»՝ նշելով, որ նախկինում նման միջոցառումներում Փաշինյանը սովորաբար ելույթ էր ունենում ռուսերենով։ Միաժամանակ նա ընդգծել էր, որ հայերենը Հայաստանի պետական լեզուն է և չէր համարել, որ Փաշինյանի որոշումը սադրանք էր։
Այսպիսով, Փաշինյանի՝ հայերեն ելույթը ռուսական կողմում արդեն երկրորդ անգամ է հայտնվում պաշտոնական մեկնաբանությունների կենտրոնում։ Եթե Ուշակովը այն պարզապես «տարօրինակ» էր համարել, ապա Պեսկովը խոսել է դրա հնարավոր քաղաքական ուղերձի մասին՝ այն կապելով Հայաստանի ինքնիշխանությունն ընդգծելու ձգտման հետ։


