Այսօր՝ օգոստոսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Գյումրի քաղաքի Վահան Տերյան փողոցում ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։ Պայթյունը տեղի է ունեցել կայանված վիճակում գտնվող 43-ամյա Աննա Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, ով այդ պահին եղել է մեքենայի մոտ կանգնած և շոկային վիճակում օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։ Պայթյունի հետևանքով վնասվել է նաև կայանված մեկ այլ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան։
Դեպքի մասին տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալ Նարեկ Գարեգինյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է կայանված ավտոմեքենայի վարորդի և սեփականատիրոջ ինքնությունը և դեպքի հանգամանքները։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


