Երևանում՝ բնակարաններից մեկից, գողացել են միլիոնների արժեքով ադամանդներ
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 28-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հատուկ օպերացիա են իրականացրել, որի արդյունքում տաք հետքերով վնասազերծել են Երևանում բնակարանային գողություն կատարողներին։
Ըստ սկզբնաղբյուրի՝ այդ օրը նշված բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Արմավիրի մարզի բնակիչներ 40-ամյա Արմեն Ա.-ն, 35-ամյա Արտակ Ա.-ն, 42-ամյա Արթուր Ա.-ն և Երևանի բնակիչ 36-ամյա Հրաչյա Մ.-ն, նախօրոք պլանավորելով, Երևանում իրականացրել են բնակարանային գողություն։
Տեղում հատուկ պլան է մշակվել, ապա հերթական անգամ օպերատիվ տեղեկություններով պարզվել է, որ բնակարանային գողերը Ազատության պողոտայից ուղղություն են վերցրել դեպի Մաշտոցի պողոտա։ Տեղում քրեական ոստիկաններն ու ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները Մաշտոցի պողոտա Սարյան փողոցի խաչմերուկում բնակարանային գողություն կատարելու կասկածանքով վնասազերծել են Արթուր Ա.-ին, որը եղել է «Հյունդայի էլանտրա» մակնիշի ավտոմեքենայով։
Արդեն Երևանի քրեական ոստիկանությունում Արմեն Ա.-ի մոտ հայտնաբերվել է Ազատության պողոտայի շենքերից մեկի բնակչի բնակարանից հափշտակված ընդհանուր 2.14 գրամ քաշով տոպրակ, որի մեջ հայտնաբերվել են ադամանդի նմանվող քարեր, իսկ արդեն «Հյունդայի էլանտրա»-ի սրահում՝ տեսանելի հատվածում, հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել են նշված բնակարանից գողացված թանկարժեք իրեր։
Դեպքի փաստով Երևանի քրեական ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով «բնակարանային գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ կասկածյալներից Արթուր, Արմեն, Արտակ Ա․-երն ազգականներ են։
Իրավապահներն ունեն լուրջ կասկածներ, որ սա նրանց կատարած բնակարանային գողության միակ դեպքը չէ։
Քրեական ոստիկանները պարզել են նաև Ազատության պողոտայում թալանված բնակարանի տիրոջ ինքնությունը, իսկ գողոնը կազմում է մի քանի միլիոն դրամ։


