49-ամյա բրիտանացի Էնթոնի Հոլը գիշերը մոտ 150 մղոն (240 կիլոմետր) ուղևորություն է կատարել՝ չնայած այն հանգամանքին, որ կույր է, վարորդական իրավունք չունի և եղել է հարբած վիճակում, հայտնել է The Telegraph-ը։
Հոլն առանց թույլտվության վերցրել է իր զուգընկերուհու մեքենան Հադերսֆիլդում (Արևմտյան Յորքշիրի կոմսություն) և ուղևորվել Քամբրիա։ Ճանապարհին նա կողմնորոշվել է բեռնատարների հետևի լույսերով։
Ոստիկանները նրան կանգնեցրել են հունիսի 29-ի գիշերը՝ մոտ 1:45-ին, M6 ավտոմայրուղու 44-րդ հանգույցի մոտ՝ Քարլայլի շրջանում։ Իրավապահների տվյալներով՝ մեքենան մի քանի անգամ շեղվել է երթևեկելի գոտիների միջև և մոտեցել ճանապարհաեզրին։
Կանգնեցնելուց հետո աշխատակիցները զգացել են ալկոհոլի հոտը։ Հոլը խոստովանել է, որ գինի է խմել, ապա ոստիկաններին հայտնել է, որ արդեն երկու տարի կույր է և կարողացել է մայրուղով անցնել՝ հետևելով բեռնատարների լույսերին։
Ոստիկանությունն ավելի վաղ հաղորդում էր ստացել մեքենայի անհետացման մասին և որոնում էր այն։
Քարլայլ քաղաքի դատարանում Հոլն իրեն մեղավոր է ճանաչել հարբած վիճակում մեքենա վարելու, առանց իրավունքի և ապահովագրության երթևեկելու, ինչպես նաև ուրիշի մեքենան ապօրինի օգտագործելու մեջ։
Դատախազ Սուրեշ Բասրան հայտնել է, որ իրավիճակը կարելի է «հրաշք» անվանել, քանի որ ճանապարհորդության ընթացքում ոչ ոք չի զոհվել և լուրջ վնասվածքներ չի ստացել։ Նրա խոսքով՝ վարորդը «երկար ժամանակ և գիտակցաբար անտեսել է ճանապարհային երթևեկության կանոնները՝ վտանգ ստեղծելով շրջապատի համար»։
Ստուգումը ցույց է տվել, որ Հոլի արտաշնչած օդի 100 միլիլիտրում եղել է 46 միկրոգրամ ալկոհոլ՝ թույլատրելի 35 միկրոգրամի սահմանաչափի դեպքում։
Պաշտպանությունը դատարանին խնդրել է հաշվի առնել մեղադրյալի անձնական հանգամանքները։ Պատժի վերաբերյալ վերջնական որոշումը կընդունվի սեպտեմբերի 8-ին։ Մինչ այդ Հոլին ժամանակավորապես արգելել են մեքենա վարել։


