Մահացել է Կարո Կարապետյանը
ԵՊՀ-ից հայտնում են, որ կյանքից հեռացել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության (ներկայում՝ Եվրոպական լեզուների և հաղորդակցության) ֆակուլտետի հիմնադիր և առաջին դեկան, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարո Մնացականի Կարապետյանը։Կարո Կարապետյանն ավարտել է Մախաչկալայի թիվ 1 միջնակարգ դպրոցը, այնուհետև Դաղստանի պետական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետը՝ մասնագիտանալով անգլերենի ուղղությամբ։
1972–1975 թվականներին սովորել է Մոսկվայի Մ. Թորեզի անվան օտար լեզուների պետական ինստիտուտի ասպիրանտուրայում, իսկ 1977 թվականին ստացել է մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և դոցենտի կոչում։
Նրա մասնագիտական գործունեությունը ներառում է ավելի քան երեքուկես տասնամյակի մանկավարժական և գիտամանկավարժական աշխատանք։ Դասավանդել է դպրոցում և Երևանի պետական համալսարանում, աշխատել է որպես թարգմանիչ Իրաքում, ղեկավարել բազմաթիվ կուրսային, մագիստրոսական և ատենախոսական աշխատանքներ։
1987–2000 թվականներին Կարո Կարապետյանը ղեկավարել է ԵՊՀ անգլերեն լեզվի ամբիոնը, իսկ 1991 թվականին հիմնադրել և մինչև 2009 թվականը ղեկավարել է ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը՝ նշանակալի ներդրում ունենալով դրա կայացման, զարգացման և կրթական ավանդույթների ձևավորման գործում։
2009 թվականից ղեկավարում էր ֆակուլտետի Թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնը։
Կարո Կարապետյանի գիտական հետաքրքրությունների շրջանակում էին օտար լեզուների դասավանդման մեթոդիկան, կիրառական լեզվաբանությունը, բառագիտությունն ու անգլերենի դարձվածաբանությունը։
Նա ավելի քան 40 գիտական աշխատությունների, բառարանների, բուհական և դպրոցական դասագրքերի ու հոդվածների հեղինակ էր։ Մասնակցել է բազմաթիվ միջազգային և հանրապետական գիտաժողովների ու վերապատրաստումների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի Լիդզի համալսարանում, ԱՄՆ-ի Ջորջթաունի համալսարանում և Զալցբուրգում անցկացված մասնագիտական ծրագրերին։
Կարո Կարապետյանի անունը մշտապես կմնա Երևանի պետական համալսարանի պատմության մեջ՝ որպես նվիրյալ մանկավարժ, գիտնական, կազմակերպիչ և համալսարանական կրթության զարգացման գործում բացառիկ ավանդ ունեցած ղեկավար։
Երևանի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը խոր ցավակցություն է հայտնում Կարո Կարապետյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, աշակերտներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել ու գնահատել են նրա մարդկային և մասնագիտական բարձր արժանիքները։
Հիշատակը վառ կմնա նրա սաների, գործընկերների և համալսարանական համայնքի ներկայացուցիչների սրտերում։


