Վարորդները տուգանային միավորներ կկորցնեն, մեքենաները կքարշակվեն․ քաղաքապետարանից զգուշացնում են
Երևանում խաչմերուկների մոտ կավելացվեն կայանման արգելված գոտիները, իսկ այդ հատվածներում կայանված մեքենաների նկատմամբ կկիրառվեն տուգանքներ և քարշակման միջոցներ։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ բազմաթիվ խաչմերուկների վերլուծությունը ցույց է տվել, որ անհրաժեշտ է հետ քաշել խաչմերուկներին մոտ գտնվող կարմիր գծերը՝ երթևեկության անվտանգությունը բարելավելու նպատակով։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այնուամենայնիվ, կունենանք չնախատեսված հատվածներում կայանումներ, այս մասով աշխատում ենք ՆԳՆ մեր գործընկերների հետ, որպեսզի նման ավտոմեքենաներն անպայման տուգանվեն։ Երկրորդը՝ նման մեքենաների դուրսբերումն է քարշակների միջոցով, որովհետև նման պայմաններում, երբ երթևեկելի գոտին ուղղակի խցանվում է, կառավարման ոչ մի թվային տեխնոլոգիա մեզ էական օգուտ չի տալու»,- հավելել է Սուրեն Գրիգորյանը։
Փոխքաղաքապետ պարզաբանել է, որ նախատեսվում է ոչ միայն տուգանել խախտում կատարող վարորդներին, այլև նվազեցնել նրանց տուգանային միավորները։ Հանձնարարական է տրվել նաև, որ երթևեկության կառավարման կենտրոնը հսկողություն իրականացնի ավտոբուսների և տրոլեյբուսների երթևեկության նկատմամբ։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ խաչմերուկների մոտ կայանման արգելված գոտիների ընդլայնման հետ մեկտեղ անհրաժեշտ է ապահովել նաև բավարար քանակությամբ քարշակների առկայությունը։
«Ամենամտահոգիչ հարցն ինձ համար քարշակներն են, դրանց ոչ բավարար քանակը այս պահի դրությամբ մեր ամենամեծ խնդիրն է, կարծում եմ։ Տուգանելուց բացի՝ տուգանային միավորների նվազեցումը ևս արդյունավետ կլինի»,- ասել է Ավինյանը։


