Հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը երկնքում սպասվում է Հարավային դելտա-Ակվարիդների երկնաքարային հոսքի առավել ակտիվ փուլը։
Պարզ և մութ երկնքի պայմաններում հնարավոր է տեսնել մինչև 25 «ընկնող աստղ» ժամում։
Երևույթը դիտելի կլինի աշխարհի բազմաթիվ շրջաններից, այդ թվում՝ Հայաստանից, սակայն տեսանելիության աստիճանը կախված կլինի եղանակից, լուսային աղտոտվածությունից և դիտման վայրից։
Աստղաթափը դիտելու լավագույն ժամանակը կլինի կեսգիշերից հետո և հատկապես լուսաբացին մոտ ժամերը։ Դիտելու համար ցանկալի է ընտրել քաղաքային լույսերից հեռու վայրեր՝ բաց հորիզոնով։ Հայաստանում լավ պայմաններ կարող են լինել լեռնային և գյուղական տարածքներում, որտեղ երկինքը քիչ է աղտոտված արհեստական լույսով։
Նշենք, որ չնայած տարածված անվանը՝ «ընկնող աստղերը» աստղեր չեն։ Դրանք տիեզերական փոքր մասնիկներ են՝ հիմնականում փոշու և ապարների բեկորներ, որոնք Երկրի մթնոլորտ մտնելիս մեծ արագությամբ տաքանում և լուսավորվում են։


