Այսօր՝ հուլիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Զոլաքար բնակավայրից Վարդենիկ բնակավայր տանող ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 22-ամյա Հովիկ Ա․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող «Ford Transit» մակնիշի բեռնատարին, ապա դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պատնեշին և հայտնվել դաշտում։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հովիկ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։
Վթարի մասին ոստիկանության Մարտունու բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, վարչության պետի տեղակալ Արման Հովհաննիսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և կայանված ավտոմեքենայի վարորդի ինքնությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


