Գմփոց եղավ շատ ուժեղ, դուրս եկա՝ ղժոց, սաղ խառնված իրար, ահավոր էր․ ականատեսը մանրամասներ է պատմում 9 զոհով ողբերգական վթարիցԱյսօր՝ նոյեմբերի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին, Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass» մակնիշի, «Opel Zafira» մակնիշի, «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները և կցորդիչով բեռնատարը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 9 հոգի տեղում մահացել են, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետի պաշտոնի ժամանակավոր կատարող Արտակ Շամիրյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետի տեղակալ, Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Զաքարյանը։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի և նույն գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Արմեն Արամյանի գլխավորությամբ։Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչիկ Պողոսյանի, վարչության պետի տեղակալ Հրաչ Դավթյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով բեռնատարն ու «Opel Zafira»-ն դուրս են եկել երթևեկելի գոտուց, կոտրել մի քանի ծառեր և հայտնվել բնակչի հողամասում։ Բեռնատարը գլխիվայր շրջվել է, և այն բարձված է եղել եգիպտացորենով։


