Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են. ինչպե՞ս կանխարգելել
Դժբախտ պատահարներից խուսափելու համար անհրաժեշտ է հիշել, որ ջրահեղձությունը տեղի է ունենում շատ արագ ու անձայն, իսկ երեխաների անվտանգության գլխավոր երաշխիքը մեծահասակի մշտական հսկողությունն է, հայտնում են առողջապահության նախարարությունից։
«Ինչպե՞ս կանխարգելել երեխաների ջրահեղձությունը
Հնարավորինս վաղ տարիքում երեխային սովորեցրեք լողալու տարրական հմտություններ: Համոզվեք, որ ջրային տարածքին մոտ երեխաները կրում են փրկօղակ կամ փրկարարական բաճկոն, նույնիսկ, եթե նրանք լողալ գիտեն:
Երեխաներին մի՛ թողեք առանց հսկողության, նույնիսկ, եթե նրանք կրում են փրկօղակ կամ փրկարարական բաճկոն։ Երեխային թույլատրեք լողալ միայն դրա համար նախատեսված վայրերում՝ սահմանելով հսկողություն:
Եթե ունեք լողավազան, շուրջը տեղադրեք մեկուսացնող ցանկապատներ: Մշտապես հետևեք երեխային, երբ նա ջրի մեջ է կամ ջրի մոտակայքում (ներառյալ լոգարանում):
Ամեն անգամ, երբ երեխաները գտնվում են ջրի մեջ կամ դրա շրջակայքում, լողալու հմտություններ ունեցող մեծահասակը պետք է գտնվի երեխայից ձեռքի երկարության հեռավորությամբ: Մի՛ տարվեք այլ գործերով. ջրահեղձությունը տեղի է ունենում արագ և անձայն:
Սովորեք առաջին օգնության տարրական հմտություններ՝ խեղդվող երեխային անհապաղ սիրտ-թոքային վերակենդանացում կատարելու համար: Երեխային հնարավորինս վաղ տարիքում պատմեք ջրահեղձ լինելու վտանգի մասին:
Հիշե՛ք, որ ջրահեղձության վտանգները մեծ են ոչ միայն բացօթյա ջրավազաններում, լողավազաննրում, այլև տնային պայմաններում (մանկական լոգարան, դույլ, զուգարան), որտեղ անվտանգության կանոնների խստիվ պահպանումը նույնքան կենսական է:
Ծնողները և խնամակալները պետք է կանխեն երեխայի անվերահսկելի մուտքը լոգարան, լողավազան կամ բաց այլ ջրային տարածք:
Մի՛ զբաղվեք այլ շեղող գործունեությամբ, որը կարող է վտանգել երեխային, ներառյալ հեռախոսի օգտագործումը (օրինակ՝ հաղորդագրություններ ուղարկելը), շփվելը, տնային գործեր կատարելը կամ ալկոհոլ խմելը»,-նշում են նախարարությունից:


