Ազգային ժողովն ընդունեց տոնացույցում փոփոխություններ կատարելու նախագիծը Խորհրդարանը հուլիսի 3-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ հավանություն է տվել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին։ Այս օրենսդրական նախաձեռնության հեղինակն անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանն է։ Ըստ ընդունված փոփոխությունների՝ Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներին հաջորդող մեռելոց օրերը դարձյալ հայտարարվում են ոչ աշխատանքային։ Այդ օրերը հաջորդում են Սուրբ Ծննդյան, Սուրբ Հարության, Պայծառակերպության (Վարդավառի), Սուրբ Աստվածածնի վերափոխման (Խաղողօրհնեքի), ինչպես նաև Խաչվերացի տոներինՆոր կարգավորումների համաձայն՝ Կառավարությունն այլևս իրավասու չի լինի տոների կամ հիշատակի օրերի հետ կապված ոչ աշխատանքային օրեր սահմանել՝ դրանք նախորդող կամ հաջորդող հանգստյան օրերի հաշվին տեղափոխելով։
Փոփոխություններով հստակեցվել է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրվա նշման կարգը. այն կտոնվի ապրիլի վերջին շաբաթ օրը, իսկ եթե մայիսի 1-ը համընկնի երկուշաբթի օրվա հետ, ապա տոնը կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը։
Բացի այդ, Հայ կինոյի օրը ապրիլի 16-ի փոխարեն կնշվի ապրիլի 13-ին, Երկրապահի օրը կվերանվանվի «Երկրապահ-աշխարհազորայինի օր», իսկ Հայրերի օրը հունիսի 17-ի փոխարեն կտոնվի հունիսի երրորդ կիրակի օրը։
Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրերն այսուհետ տարանջատվում են. հուլիսի 5-ը կպահպանվի որպես Սահմանադրության օր, իսկ Պետական խորհրդանիշների օր կսահմանվի օգոստոսի 23-ը։
Ազգային փոքրամասնությունների առաջարկով՝ Կառավարությունը հնարավորություն կստանա նրանց ազգային տոները նշելու համար սահմանել ոչ աշխատանքային օրեր։
Տոնացույցում տեղ են գտել նաև նոր տոներ. փետրվարի 17-ին կնշվի Մեսրոպ Մաշտոցի օրը, իսկ օգոստոսի 11-ին՝ Նավասարդը՝ որպես ազգային ավանդույթների, մշակույթի և համայն աշխարհի հայերի միասնության օր։
Օրենսդրական նոր փոփոխություններով սահմանվում են նաև Երևանի և մարզերի օրերը, որոնք կնշվեն սեպտեմբերի 5-ից հետո հաջորդող առաջին շաբաթ օրվանից սկսած՝ յուրաքանչյուր շաբաթ օր՝ հստակ հերթականությամբ։


