Փաշինյանը հայտնել է IMEI համակարգի ներդրման իրական պատճառը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ բջջային հեռախոսների նույնականացման IMEI կոդերի գրանցման համակարգը չի ներդրվի, եթե պարզվի, որ այն սպառնում է քաղաքացիների ազատությանը կամ անձնական տվյալների պաշտպանությանը։ Այս մասին վարչապետն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։
Լրագրողը հետաքրքրվեց՝ արդյոք IMEI կոդերի պարտադիր գրանցման համակարգի ներդրումը խնդրահարույց չէ անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից՝ հաշվի առնելով փորձագիտական մտահոգությունները, որ այդ համակարգով կարող են նույնականացվել քաղաքացիների հեռախոսները, համարները և գտնվելու վայրը։
Փաշինյանը նշեց, որ կառավարությունը այս հարցում լինելու է հրապարակային և թափանցիկ։
«Եթե չլինեն երաշխիքներ, որ մենք մարդկանց անձնական տվյալները չենք հավաքելու և չենք օգտագործելու ձեր ասած համատեքստում, մենք այդ համակարգը չենք ներդնի»,- ասաց վարչապետը։
Նրա խոսքով՝ IMEI կոդերի գրանցման համակարգի քննարկման հիմքում բջջային հեռախոսների շուկայում առկա ստվերային մեծ շրջանառության դեմ պայքարն է։
Վարչապետը նշեց, որ խոսքը միլիարդավոր դրամների ստվերային շրջանառության մասին է, որի հետևանքով, ըստ նրա, պետությունը զրկվում է եկամուտներից։
«Երկիրը եկամուտներից զրկվում է, թոշակառուն թոշակից է զրկվում, երեխան դպրոցից և մանկապարտեզից է զրկվում, համայնքը՝ ճանապարհից ու լուսավորությունից»,- ասաց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ կառավարությունն ակնկալում է նաև փորձագիտական հանրության և լրագրողների առաջարկները՝ ստվերային շուկայի դեմ պայքարի այլընտրանքային մեխանիզմների վերաբերյալ։
Փաշինյանի խոսքով՝ միայն մաքսային վերահսկողության միջոցով խնդիրը լիարժեք լուծել հնարավոր չէ, քանի որ հեռախոսները հաճախ երկիր են բերվում անհատական ճանապարհով։
Վարչապետը նշեց, որ անհրաժեշտ են համակարգային լուծումներ, որոնք կնվազեցնեն մարդկային գործոնի ազդեցությունը և կապահովեն շուկայի վերահսկելիությունը։
«Թող լայնորեն քննարկվի, բաց քննարկվի։ Եթե պարզվի, որ դա մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, մենք դա չենք անի։ Բայց հարցին պետք է պատասխանենք՝ շուկայի վերահսկողությունն ինչպե՞ս պետք է անենք»,- ընդգծեց Փաշինյանը։
Նա հավելեց, որ պետության նպատակը քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրումը չէ, այլ բջջային հեռախոսների ապօրինի և ստվերային շրջանառության դեմ պայքարը։


