Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկություններ հայտնել անհետ կորածների մասին
Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիների համար նախատեսվում է ստեղծել հնարավորություն՝ գաղտնի կերպով տեղեկություններ փոխանցելու անհետ կորած անձանց և նրանց հնարավոր հուղարկավորության վայրերի վերաբերյալ։ Այս մասին Բաքվում անցկացված համաժողովի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ Շարաֆատ Հասանովը։
Նրա խոսքով՝ համապատասխան էլեկտրոնային հարթակը մշակել է Անհետ կորած անձանց միջազգային հանձնաժողովը (ICMP)։ Համակարգը հնարավորություն կտա ցանկացած անձի գաղտնի ձևով փոխանցել տեղեկություններ՝ առանց պատասխանատվության ենթարկվելու վտանգի։
«Տրամադրված տեղեկությունը կօգտագործվի բացառապես մարդասիրական նպատակներով, իսկ այն փոխանցած անձը որևէ պարագայում պատասխանատվություն չի կրի։ Նպատակն անհետ կորած անձանց ճակատագրի բացահայտմանն աջակցելն է»,– նշել է Հասանովը։
Նա նաև պնդել է, որ որոշ հայ բարձրաստիճան նախկին զինվորականներ հրապարակայնորեն հայտարարել են, թե տեղեկություններ ունեն անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների հնարավոր հուղարկավորության վայրերի մասին, սակայն, ըստ նրա, այդ տվյալները մինչ օրս չեն փոխանցվել ադրբեջանական կողմին։ Հասանովը նման իրավիճակը բնութագրել է որպես միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտում։
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալի խոսքով՝ բանակցությունների ընթացքում Բաքուն հայտնել է անհետ կորածների ճակատագիրը պարզելու նպատակով տեղեկություններ փոխանակելու պատրաստակամության մասին և հայկական կողմին է փոխանցել Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում անհետ կորած անձանց վերաբերյալ իր տրամադրության տակ եղած ցուցակներն ու տվյալները։
Հասանովի պնդմամբ՝ հայկական կողմը խոստացել է ուսումնասիրել ներկայացված նյութերը և անհրաժեշտության դեպքում տրամադրել համապատասխան տեղեկություններ, սակայն, ըստ նրա, մինչ օրս որևէ պատասխան չի փոխանցվել։


