Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Մոսկվան Հայաստանից որևէ ազդակ չի ստացել Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի կարգավիճակը վերանայելու կամ դրա գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ։
RTVI-ին տված հարցազրույցում ռուս պաշտոնյան նշել է, որ պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է՝ ռազմաբազայի գործունեության դադարեցման հարց օրակարգում չկա։
«Հայկական կողմից նման ազդակներ մինչ այժմ չեն ստացվել։ Ավելին, պաշտոնական մակարդակով հայտարարվում է, որ Երևանը չի քննարկում Գյումրիում ռուսական ռազմաբազայի գործունեությունը դադարեցնելու հարցը»,– ասել է Գալուզինը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է ռազմաբազան դիտարկել որպես Հայաստանի և ամբողջ Հարավային Կովկասի անվտանգության կարևոր բաղադրիչ։
Գալուզինը նաև պնդել է, որ Հայաստանում որոշ քաղաքական ուժեր և արևմտամետ հասարակական կազմակերպություններ փորձում են «վարկաբեկել ռուսական ռազմական ներկայությունը»՝ ներկայացնելով այն որպես «օկուպացիայի գործիք» կամ Հայաստանի նկատմամբ ոչ բարեկամական վերաբերմունքի դրսևորում։
«Սակայն այդ բոլոր փորձերը ապարդյուն են և բախվում են տեղական բնակչության բարեկամական վերաբերմունքին ռուսական ռազմաբազայի նկատմամբ»,– հայտարարել է նա՝ հավելելով, որ ռազմաբազան պարբերաբար կազմակերպում է բաց դռների օրեր, որոնց մասնակցում են տեղի բնակիչները։
Հարցազրույցի ընթացքում Գալուզինն անդրադարձել է նաև այն հարցին, թե ինչ կլինի ռազմաբազայի կարգավիճակի հետ, եթե Հայաստանը մինչև 2044 թվականը միանա Եվրամիությանը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը ելնում է այն հանգամանքից, որ գործող երկկողմ համաձայնագիրը շարունակում է ուժի մեջ մնալ, և Մոսկվան ակնկալում է, որ հայկական կողմը նույնպես կկատարի իր ստանձնած պարտավորությունները։
Աղբյուր՝ RTVI


