ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական զորքերը վերահսկողություն են սահմանել Կոնստանտինովկայի 70 շենքերի և Կրասնի Լիմանի (ԴԺՀ) 57 շենքերի նկատմամբ, հաղորդում է «Интерфакс»-ը։
Գերատեսչության տվյալներով, Կոնստանտինովկայում «Հարավային» զորախմբի ստորաբաժանումները հարձակողական գործողություններ են վարում բոլոր ուղղություններով։ Հաղորդվում է քաղաքի հարավ-արևմտյան հատվածում մաքրման շարունակման և հակառակորդի ցրված խմբերի ոչնչացման մասին։ ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ մեկ օրվա ընթացքում ուկրաինական կողմը այս շրջանում կորցրել է մինչև 90 մարդ։
Հաղորդվում է նաև, որ Կրասնի Լիմանում ռուսաստանյան ուժերը շարունակում են առաջխաղացումը արևմտյան ուղղությամբ։ 67-րդ մոտոհրաձգային դիվիզիայի ստորաբաժանումները, ըստ գերատեսչության, զբաղեցրել են հինգ հենակետ և վերահսկողություն սահմանել քաղաքի հյուսիս-արևմտյան հատվածի 57 շենքերի նկատմամբ։
Բացի այդ, ՊՆ-ն հայտարարել է, որ մարտական գործողությունների շրջանը մեկուսացնելու նպատակով Կրասնի Լիմանի արևմտյան ծայրամասում ՌՕՈւ անձնակազմերը ՖԱԲ-500 ավիառումբերով հարված են հասցրել ՈւԶՈՒ 60-րդ մեխանիզացված բրիգադի ստորաբաժանումներին, որոնք, նրանց տվյալներով, փորձում էին լքել քաղաքը «Կապույտ լճեր» հանգստյան բազայի ուղղությամբ։ Հարվածի հետևանքով, հաղորդագրության համաձայն, ոչնչացվել է մինչև 30 զինծառայող։
Գերատեսչության տեղեկություններով, Կրասնի Լիմանում ուկրաինական կողմի ընդհանուր կորուստները մեկ օրվա ընթացքում կազմել են մինչև 40 մարդ։


