Խնջույքի ժամանակ զանգվածային թունավորում է տեղի ունեցել. 2 հոգի մահացել է
Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկ քաղաքում ծննդյան խնջույքի ժամանակ ութ դեռահաս սուր թունավորում է ստացել, հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Նախնական տվյալներով՝ պատճառը եղել է «մեֆեդրոն» տեսակի թմրամիջոցի օգտագործումը։ Երկու հոգի մահացել է, ևս վեցը՝ հոսպիտալացվել, հայտնել են օպերատիվ ծառայություններից։
Մոսկվայի մարզի դատախազության տեղեկություններով՝ տուժածներից երկուսը մահացել են դեռևս մինչև շտապօգնության բրիգադի ժամանումը։
Գերատեսչությունը վերահսկողության տակ է վերցրել պատահարի բոլոր հանգամանքների պարզումը։ Մահվան և թունավորման պատճառների վերջնական եզրակացությունները կտրվեն նախաքննական ստուգումների և դատաբժշկական փորձաքննությունների անցկացումից հետո։
Ինչպես հայտնել են իրավապահ մարմիններից, խնջույքի մասնակիցները ալկոհոլ են օգտագործել, որից հետո մի անհայտ անձ ընկերակցությանն առաջարկել է սպիտակ գույնի փոշի։ Դրա օգտագործումից հետո երիտասարդների ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ Դեպքի վայրում հայտնաբերված նյութով փաթեթներն առգրավվել և ուղարկվել են փորձաքննության։


