Եղբոր հետ զբոսնելիս մեկուկես տարեկան երեխան ընկել է լողավազանը. մանրամասներ
Ղազախստանի Ժամբիլի մարզում ողբերգությամբ կարող էր ավարտվել փոքրիկ երեխայի հետ տեղի ունեցած դժբախտ պատահարը, սակայն բժիշկների արագ և մասնագիտական գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել նրա կյանքը։
Դեպքը տեղի է ունեցել մասնավոր տնամերձ տարածքներից մեկում։ Փոքրիկ երեխան բակում խաղում էր իր 13-ամյա եղբոր հետ, երբ անզգուշաբար ընկել է լողավազանը։
Ավագ եղբայրը նկատել է, որ փոքրիկը ջրի մեջ է հայտնվել, և անմիջապես դուրս է բերել նրան։ Սակայն այդ պահին երեխան արդեն չէր շնչում և կապտել էր։ Մինչ շտապօգնության ժամանումը մայրը փորձել է ինքնուրույն առաջին օգնություն ցուցաբերել, սակայն չի կարողացել երեխային գիտակցության բերել։
Դեպքի վայր ժամանած բուժաշխատողները անմիջապես սկսել են վերակենդանացման միջոցառումները։ Այնուհետև փոքրիկին շտապ տեղափոխել են Կորդայի կենտրոնական շրջանային հիվանդանոց, որտեղ շտապօգնության և վերակենդանացման բաժանմունքների բժիշկները շարունակել են պայքարը նրա կյանքի համար։
Ղազախստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ բժշկական անձնակազմի արագ արձագանքն ու բարձր մասնագիտական պատրաստվածությունը վճռորոշ դեր են ունեցել երեխայի կյանքը փրկելու գործում։
Ներկայումս փոքրիկի վիճակը կայուն է։ Նա շարունակում է բուժում ստանալ և գտնվում է բժիշկների մշտական հսկողության տակ։
Աղբյուր՝ Ղազախստանի առողջապահության նախարարություն


