ՌԴ-ն հայտնել է` ինչու է Գյումրիից Մոսկվա մեկնած ինքնաթիռը հարկադիր վայրէջք կատարել
Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում, քանի որ, նախնական տվյալով, սխալմամբ միացել է օդանավի հերմետիկության խախտման սենսորը։ Այդ մասին հայտնել են ՌԴ քննչական կոմիտեի տրանսպորտի արևմտյան միջտարածաշրջանային քննչական վարչությունից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գյումրի-Մոսկվա չվերթ իրականացնող ինքնաթիռը տագնապի ազդանշան է փոխանցել և սկսել է իջնել։ Որոշ ժամանակ անց Ռոսավիացիայից հայտնեցին, որ օդանավը վայրէջք է կատարել Մախաչկալայի պահեստային օդանավակայանում։
«Նախնական ստուգմամբ պարզվել է, որ Մախաչկալայի օդանավակայանում հարկադիր վայրէջքի նախնական պատճառը եղել է հերմետիկության խախտման սենսորի սխալ աշխատանքը։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան», – ասվում է քննչական վարչության հաղորդագրության մեջ:
Հարկադիր վայրէջքի փաստով կազմակերպվել է նախաքննական ստուգում, իրավապահները պարզում են տեղի ունեցածի պատճառներն ու հանգամանքները։
Ավիաընկերությունից հստակեցրել են, որ մասնագետները գնահատում են օդանավի տեխնիկական վիճակը։
Մախաչկալայում ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ ինքնաթիռում եղել է 186 մարդ, որոնց պատրաստվում են մեկ այլ ինքնաթիռով տեղափոխել Մոսկվա։
ՌԻԱ Նովոստին, հղում անելով ավիաընկերությանը, հայտնում է, որ ուղևորները պահեստային ինքնաթիռով ՌԴ մայրաքաղաք կմեկնեն Մոսկայի ժամանակով 16:00-ին (Երևանի ժամանակով 17:00-ին)։ Այժմ ուղևորները անձնագրային ստուգում են անցնում և սահմանված կարգով ստանում ուղեբեռը:
Աղբյուրը՝ Սպուտնիկ Արմենիա

