Հրդեհ է բռնկվել Երևանի շենքերից մեկի 8–րդ հարկում. 8 մարդ է տարհանվել
Այսօր հրդեհ է բռնկվել Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի 8–րդ հարկում. 8 մարդ տարհանվել է, մի քանի բնակչի բուժօգնություն է ցուցաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հրդեհի մաին ահազանգը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է հունիսի 22-ին՝ ժամը 11:43-ին։
«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 8-րդ հարկում գտնվող բնակարաններից մեկում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:18-ին, մարվել՝ 12:35-ին: Այրվել է ննջասենյակը՝ գույքով։
Փրկարարները տարհանել են ութ քաղաքացու։ Երկու քաղաքացի տեղում ստացել են համապատասխան օգնություն։


