Ինչ է հայտնում առողջապահության նախարարությունը էքսկուրսիա մեկնելիս վթարի ենթարկված երեխաներից
Աշտարակ-Սասունիկ ճանապարհին էքսկուրսիայի մեկնելիս վթարի ենթարկված բոլոր երեխաները տանն են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանը։
Այսօր կեսօրին հայտնի դարձավ, որ Աշտարակ քաղաքում երեխաներին էքսկուրսիայի տանող «Hyundai County» մակնիշի ավտոբուսը բախվել է «Mercedes Sprinter»-ին։ Առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ ավթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ: Բոլոր տուժածները մարզային բուժկենտրոնում անցել են անհրաժեշտ հետազոտությունները և դուրս են գրվել:
Կազմակերպվել է 3 երեխայի տեղափոխումը Երևան` լրացուցիչ հետազոտման:
«Երեխաներին ապահովության համար համակարգչային տոմոգրաֆիա (CT) հետազոտություն է արվել, սակայն որևէ խնդիր, բարեբախտաբար, չի հայտնաբերվել, ուստի ոչ մի երեխա չի հոսպիտալացվել»,- հայտնեց Ծատրյանը։
ՀՀ քննչական կոմիտեում վթարի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։


