Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) այսօր բավարարեց դատախազության միջնորդությունը՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։ Փաստաբանի խոսքով՝ Քոչարյանի մեղադրանքը վերաբերում է 2004, 2009 թվականի դեպքերին՝ պաշտոնեական դիրքի չարաշահում, փողերի լվացում։
«Ըստ էության, հանձնաժողովն արձանագրեց մի բան, որ ինքը չգիտի՝ ինչ է անում… պարզ է, որ հանձնաժողովը չգիտի՝ ինչ գործառույթներ ունի: Ինքը գտնում է, որ ուղղակի պետք է կարդա, եթե հայերեն տեքստ է գրված, պետք է բավարարի: Եթե ուշադիր նայեք՝ հանձնաժողովի բոլոր քվեարկությունները միաձայն են, չկա մի հոգի, որ ասի՝ չէ էլի, ես համաձայն չեմ հանձնաժողովի հետ»,- ասաց Օրբելյանը։
Փաստաբանն ասաց, որ հանձնաժողովում այսօր ներկայացրել են, որ մեղադրանքում ներկայացված տեղեկությունները ոչ թե հիմնավորված չեն, այլ սուտ են։


