Ես ուզում եմ հիշեցնել, թե ինչ ճանապարհով ենք անցել 2024–ին. Եզրի վրայով էինք քայլով. Եթե մենք այդ որոշումները չկայացնեինք, այսօր շփման գիծը լավագույն դեպքում անցնելու էր Տավուշի մարզի խորքերից։ Այս մասին, այսօր՝ հունիսի 17–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սահմանազատման ու սահմանագծման գործընթացին։
«Մենք միայն դիմացից չէինք կռվելու, այլ նաև թիկունքից։ Բա ո՞ւր են այն մարդիկ, որ ասում էին՝ Կիրանցը դատարկվելու է։ Այսօր Կիրանցում 51 տուն է կառուցվում։ Այսօր Կիրանցը խաչմերուկ է, որովհետեւ միջպետական մայրուղին է անցնում, որը հիմա ավելի ապահով է, քան երբևէ»,–ասաց նա։
Խոսելով Հայաստանում ռազմարդյունաբերության ոլորտի մասին, Փաշինյանը նշեց. «Երեկ ինձ թիվ են ասում, թե մեր ռազմարդյունաբերությունը ինչ չափի պայմանագիր է կնքել։ Ես հարցնում եմ, այդքան ի՞նչ, ինձ պատասխանում են՝ այդքան միլիոն դոլար։ Ես նայում եմ էդ թվին, ասում եմ՝ կարո՞ղ ա խառնում եք մի բան։
Այսօրվա Հայաստանը ամենամեծ հաջողված պրոյեկտն է, ամենամեծ հաջողության պատմությունն է՝ իր բոլոր զոհերով ու զոհողություններով։ Եվ այդ պրոյեկտն է, որ մարդիկ ուզում էին կործանել։ Եվ նրանք, ովքեր ուզում էին կործանել, նրանց սպասվում է կործանում՝ միանշանակ և աներկբա, առանց կոմպրոմիսների, առանց պայմանների և առանց նախապայմանների»,–ասաց Փաշինյանը։


