Ի՞նչ նորություն կա 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքներից
Այսօր՝ հունիսի 17-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզակները՝ կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանի, և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության մի քանի ստորաբաժանումների հրշեջ-փրկարարներ՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ, մասնակցությամբ Սևանի ջրասուզակների, շարունակում են օրեր առաջ Փամբակ գետն անզգուշաբար ընկած 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Արամ Ղազարյանը, ով այս պահին տեղում ՀՆՓԱԻԿ-ի պետ Հ․ Նաղդալյանի և Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Ս․ Գաբրիելյանի հետ քննարկում է հետագա անելիքները։ ՀՆՓԱԻԿ-ի ջրասուզակներ Հովակիմ Բաբայանն ու Խաչատուր Մուրադյանը շարունակում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները այն վայրից, որտեղից որ քույրերն անզգուշաբար ընկել են Փամբակ գետը։
Գետը բավականին վարար է, կարելի է ասել ջրասուզակները վտանգում են իրենց կյանքը, իսկ որոնողական աշխատանքների հետևանքով ջրասուզակ Վահե Մելքոնյանը, ջրի մեջ բախվելով քարերին, վնասել է շրթունքը։


