ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնություն է ձեռք բերվել. հայտնի են մանրամասներ
Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնություն է ձեռք բերվել, իսկ համապատասխան փաստաթղթի ստորագրման պաշտոնական արարողությունը նախատեսվում է անցկացնել հունիսի 19-ին՝ Շվեյցարիայում։
Շարիֆի խոսքով՝ կողմերը համաձայնել են անհապաղ և մշտապես դադարեցնել ռազմական գործողությունները բոլոր ուղղություններով, այդ թվում՝ Լիբանանում։
Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերում հաստատել է Իրանի հետ գործարքի կնքման մասին տեղեկությունը և հայտարարել Հորմուզի նեղուցի շրջափակման վերացման մասին։
«Աշխարհի նավեր, գործի գցեք ձեր շարժիչները։ Թող նավթը հոսի»,- գրել է Թրամփը։
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Իրանում հրապարակվել են նաև գործարքի որոշ մանրամասներ։ Ըստ հաղորդումների՝ Վաշինգտոնը պարտավորվում է ապասառեցնել 24 միլիարդ դոլարի իրանական ակտիվները, որոնց կեսը պետք է վերադարձվի մինչև համաձայնագրի ստորագրումը։ Բացի այդ, ԱՄՆ-ը խոստանում է վերացնել Իրանի նավթային հատվածի նկատմամբ գործող պատժամիջոցները և չկիրառել նոր սահմանափակումներ։
Նշվում է նաև, որ ԱՄՆ-ը պարտավորվում է Մերձավոր Արևելքում նոր ռազմական ուժեր չտեղակայել և դաշնակիցների հետ ներկայացնել Իրանի տնտեսության վերականգնման առնվազն 300 միլիարդ դոլար արժողությամբ ծրագիր։
Իր հերթին Թեհրանը վերահաստատում է իր հավատարմությունը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին և պարտավորվում է չստեղծել միջուկային զենք։ Հաղորդվում է նաև, որ Իրանի հրթիռային ծրագիրը դուրս է բերվել ԱՄՆ-ի հետ բանակցությունների օրակարգից։
Փաստաթուղթի 14 կետը.
- Ռազմական գործողությունների հրատապ և անժամկետ դադարեցում բոլոր ուղղություններում, այդ թվում՝ Լիբանանում։
- ԱՄՆ-ի երաշխիքներն Իրանի ներքին գործերին չմիջամտելու և Իսլամական Հանրապետության ինքնիշխանությունը ճանաչելու վերաբերյալ։
- Ծովային շրջափակման ամբողջական վերացում 30 օրվա ընթացքում։
- ԱՄՆ զինված ուժերի դուրսբերումն Իրանի մերձակա տարածքներից։
- Հորմուզի նեղուցով ազատ նավարկության վերականգնում։
- Իրանական նավթի արտահանման սահմանափակումների դադարեցում։
- ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները պատրաստում են 300 միլիարդ դոլարի ծրագիր՝ Իրանի ենթակառուցվածքները վերականգնելու համար։
- Վերջնական համաձայնագիր պատրաստելու համար 60-օրյա ժամկետով բանակցություններ։
- Թեհրանի հանձնառությունը` հրաժարվել միջուկային զենքի արտադրությունից։
- Վաշինգտոնի պարտավորությունը՝ բանակցությունների ընթացքում լրացուցիչ պատժամիջոցներ չկիրառելու կամ տարածաշրջանում իր ռազմական ներկայությունը չմեծացնելու վերաբերյալ։
- Իրանի՝ 24 միլիարդ դոլար արժեքով ակտիվների ապասառեցում։
- Համաձայնագրերի կատարման մոնիթորինգի մեխանիզմի ստեղծում:
- Վերջնական համաձայնագրի հաստատումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով։
- Վերջնական բանակցությունները կսկսվեն միայն Իրանի սառեցված ակտիվների կեսի ապասառեցման, նավթային պատժամիջոցների մեղմացման և ծովային շրջափակման վերացման պարագայում։
Հիշեցնենք, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կտրուկ սրվել էր այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանին մեղադրել էր բանակցությունները ձգձգելու մեջ և հրահանգել ռազմական հարվածներ հասցնել։ Լարվածության աճի պատճառներից մեկը դարձել էր Հորմուզի նեղուցի մերձակայքում ամերիկյան ռազմական ուղղաթիռի կործանումը։


