Պուտինն ու Թրամփը մոտ մեկ ժամ խոսել են հեռախոսով. ինչ է հայտնի
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նրա խոսքով՝ զրույցի ընթացքում Պուտինը շնորհավորել է Թրամփին 80-ամյակի կապակցությամբ և բարձր գնահատել նրա քաղաքական ու անձնական հատկանիշները։
Ուշակովը նշել է, որ ռուս առաջնորդը ընդգծել է Թրամփի՝ դժվարությունները հաղթահարելու, ճնշումներին դիմակայելու և նպատակներին հասնելու ունակությունները։
Մոտ մեկ ժամ տևած ոչ պաշտոնական զրույցի ընթացքում կողմերը քննարկել են ռուս-ամերիկյան հարաբերությունները, ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների՝ Ռուսաստան նախատեսվող այցերը, ինչպես նաև Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Թրամփը վերահաստատել է ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը և հայտնել, որ պատրաստ է այդ ուղղությամբ աշխատել ինչպես եվրոպացի գործընկերների, այնպես էլ Կիևի հետ։
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Իրանի շուրջ իրավիճակին և տարածաշրջանում լարվածության թուլացման հնարավորություններին։
Ուշակովի տվյալներով՝ սա Պուտինի և Թրամփի միջև արդեն 13-րդ հեռախոսազրույցն է այն պահից, երբ Թրամփը երկրորդ անգամ ստանձնեց ԱՄՆ նախագահի պաշտոնը։ Նախորդ զրույցը տեղի էր ունեցել ապրիլի 29-ին։
Աղբյուր՝ ՏԱՍՍ


