Այսօր Երկրին կարող է ուժեղ մագնիսական փոթորիկ հարվածել. ովքեր պետք է զգուշանան
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Մոդելային հաշվարկների համաձայն՝ հունիսի 6-ին Արեգակի կողմից արտանետված պլազմային ամպերից մեկը պետք է այսօր հասնի Երկիր։ Մագնիսական փոթորկի հավանականությունը գնահատվում է 96%»,-գրել է նա։
G3 դասի մագնիսական փոթորիկները կարող են աննշան խափանումներ առաջացնել էլեկտրացանցերի և արբանյակային համակարգերի աշխատանքում։ Բացի այդ, դրանք կարող են ազդել մետեոպայմաններից կախում ունեցող մարդկանց ինքնազգացողության վրա:


