ԿԸՀ-ն ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակի հունիսի 14-ին, Հանրայինի եթերում ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
«14-ին կամփոփենք, 19-ն այն օրն է, երբ քաղաքական ուժերը կարող են դիմել Սահմանադրական դատարան»,-հայտարարեց ԿԸՀ նախագահը։
Հովակիմյանը նշել է, որ հունիսի 19-ը այն օրն է, երբ ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերը կարող են դիմել Սահմանադրական դատարան, իսկ հետագա գործընթացները արդեն կընթանան դատարանի որոշումներին համապատասխան։
Անդրադառնալով այն դիտարկմանը, թե ինչպես կարող էր Նիկոլ Փաշինյանը հայտարարել ՔՊ-ի հաղթանակի մասին՝ այն դեպքում, երբ դեռ շատ քիչ ընտրատեղամասերի արդյունքներ էին հայտնի, Հովակիմյանը նշել է, որ քաղաքական գործիչներն իրենց հայտարարություններում ազատ են։
«Քաղաքական գործիչներն ազատ են հայտարարել ինչ ցանկանան։ Օրինակ՝ իմ ձեր մոտ հյուր գալը վաղը կարող են որակել որպես սահմանադրական կարգի տապալում։ Իրենք ազատ են՝ ինչ ուզեն անեն, բայց իրենց հայտարարությունները գնահատում են քաղաքացիները»։
Ապա հավելեց, որ բոլորին հայտնի փաստ է՝ քաղաքական ուժերը առնվազն 3 ժամ ավելի շուտ են ամփոփում ընտրությունների արդյունքները, քան ԿԸՀ-ն։


