Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Վահագն Հովակիմյանը, անդրադառնալով ընդդիմության մեղադրանքներին, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ քաղաքական հայտարարությունները պետք է տարանջատել իրավական գործընթացներից։
Քաղաքական չորս ուժեր՝ «Հայաստան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «Միասնության թևերը», հունիսի 8-ին հայտարարեցին խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու մասին։
Ընդդիմադիր ուժերը պնդում են, որ ընտրություններն անցել են լուրջ խախտումներով և իրավական ճանապարհով պատրաստվում են բողոքարկել դրանք։
Մինչ քաղաքական ուժերը հայտարարում են վիճարկման մասին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է նախնական արդյունքների ամփոփման, ճշգրտման և վերահաշվարկի գործընթացները։
«Ընտրական գործընթացները իրավական գործընթաց են: Թող ցույց տան տեղամասը, բողոքը, չգիտեմ փաստը: Բոլոր 1,800 տեղամասերում ուղիղ հեռարձակում է իրականացվել: Դա չի նշանակում, որ այդ ձայնագրությունները կորել են։ Թող խնդիրները ցույց տան ու մենք այդ խնդրի հետևից գնալու ենք»,- ասաց Հովակիմյանը։
Նա հորդորեց կոնկրետ տեղամասեր նշել՝ վերահաշվարկ իրականացնելու համար:


