ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ մտահոգություն հայտնելով Հայաստանում ընթացող նախընտրական գործընթացների վերաբերյալ։
Գերատեսչությունում պնդում են, որ ստացվող տեղեկությունների համաձայն՝ երկրում քաղաքական պայքարը դուրս է գալիս ժողովրդավարական մրցակցության շրջանակներից։ Մոսկվան քննադատել է ընդդիմադիր ուժերի նկատմամբ հնարավոր սահմանափակումների մասին քննարկումները՝ նշելով, որ նման քայլերը կարող են ազդել ընտրական գործընթացի լեգիտիմության վրա։
Հաղորդագրությունում նաև անդրադարձ է կատարվել ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ ճնշումների, ձերբակալությունների, հետապնդումների և Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին։
ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ եթե որոշ քաղաքական ուժեր զրկվեն ընտրություններին մասնակցելու հնարավորությունից, ապա Հայաստանի քաղաքացիների ընտրության իրավունքը կարող է սահմանափակվել։
«Ակնկալում ենք, որ Երևանում ոչ միայն խոսքով, այլև գործով կհետևեն ժողովրդավարական ընթացակարգերին, որոնց նկատմամբ իրենց հավատարմության մասին մշտապես հայտարարում են»,– նշվում է հայտարարության մեջ։


